Մատչելիության հղումներ

Վահրամ Ղուշչյան. «Շատ ներդրողներ մեզ հետ գործ են ունեցել ընտրություններից առաջ եւ Հայաստանում են ընտրություններից հետո»


Մադրիդում գումարված Ասիական զարգացման բանկի ամենամյա ժողովում Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը երեկ հավաստիացրել է, որ չնայած հետընտրական բախումներին` Հայաստանը կարող է կատարել բոլոր նախատեսած տնտեսական ծրագրերը: Այդ մասին տեղեկացնում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ զանգվածային անկարգությունների եւ բախումների ընթացքում 10 մարդ է զոհվել, ինչից հետո Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները կարծիք են հայտնել, որ այդ բռնությունները կարող են խափանել Հայաստանում 2008 թվականին տնտեսական 10 տոկոսի աճ ապահովելու ծրագիրը:

«Տնտեսական աճի անկման պատճառներ չեմ տեսնում», - ասել է փոխնախարարը: Նրա համոզմամբ, Հայաստանում մասնավոր ներդրումները հետընտրական իրադարձությունների հետեւանքով չեն նվազի:

«Շատ ներդրողներ մեզ հետ գործ են ունեցել ընտրություններից առաջ եւ Հայաստանում են ընտրություններից հետո», - վստահեցրել է Ղուշչյանը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Հայաստանի տնտեսության երկնիշ աճը թույլ է տվել մեղմել աղքատության խնդիրը: Սակայն սղաճը 2007-ին կազմել է 4,4 տոկոս, մինչդեռ Հայաստանի Կենտրոնական բանկը 2007-ին սղաճի 4 տոկոս էր նախատեսել: Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների կարծիքով` Հայաստանը պետք է է’լ ավելի խիստ ֆինանսական քաղաքականություն վարի` հատկապես հաշվի առնելով համաշխարհային շուկայում պարենի եւ էներգակիրների գների աճի գործոնը:

Վահրամ Ղուշչյանը Մադրիդում ասել է, որ սղաճը գուցեեւ կգերազանցի Կենտրոնական բանկի նախատեսած ցուցանիշը, սակայն Հայաստանը կարող է խուսափել բանկային տոկոսադրույքը բարձրացնելուց այն դեպքում, եթե դրամը արժեւորվի եւս 2-3 տոկոսով, եւ արտասահմանյան ներդրումների հոսքն անհրաժեշտ չափով պահպանվի: Փոխնախարարի համոզմամբ, դա ավելի գերադասելի է, քան տոկոսադրույք փոխելը:

«Սղաճը կարող է 4 տոկոս լինել, 5 տոկոս, կարծում եմ, սա կլինի բարդ տարի որեւէ երկրի եւ ոչ միայն Հայաստանի համար», - ասել է փոխնախարարը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ ամբողջ աշխարհում այժմ սղաճ է նկատվում` պայմանավորված պարենի ու էներգակիրների գների աճով:

Ասիական զարգացման բանկը, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, ունի 67 անդամ, որոնցից 48-ը Ասիայի տարածաշրջանից են: Բանկի նպատակն է քաղաքական երկխոսությանը նպաստելու, վարկեր, փոխառություններ, դրամաշնորհներ տրամադրելու, արժեթղթերի շուկայում գործառույթներ իրականացնելու միջոցով այդ տարածաշրջանում պայքար մղել աղքատության դեմ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG