Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 3-ը մայիսի)

Երեւանյան թերթերը շաբաթ օրն անդրադարձել են Համաժողովրդական շարժման կոնգրեսին, որտեղ ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտասանած ելույթը մի առանձնահատկություն ուներ. էմոցիոնալ շեշտադրումներով այն համահունչ էր դահլիճում տիրող համընդհանուր մթնոլորտին, բայց միաժամանակ չափազանց պրագմատիկ եւ հավասարակշռված էր: Դա համաժողովրդական շարժման առաջնորդի ելույթ չէր, դա պետության նախագահի ելույթ էր: Այդպես ելույթ են ունենում ոչ թե իշխանության ձգտողները, այլ իշխանության հասածները»:

Մինչդեռ «Ազգ»-ը այսպես է նկարագրում ընդդիմադիրների հավաքը. - «Ընդհանուր առմամբ կոնգրեսը այստեղ ներկաների նման չմտածող մեկի վրա ճնշող տպավորություն էր թողնում, քանի որ ելույթ ունեցողները, խոսելով իրենց տեսլական «ազատ-անկախ-ժողովրդավար Հայաստանի» մասին` հենց սկզբից կարծես բացառում էին բոլոր ուրիշ կերպ մտածողներին, որոնք գոնե վերջին նախագահական ընտրություններին մի քանի անգամ ավելի էին իրենցից: Ֆանատիկների մի ողջ բազմություն էր, կեսն էլ դեռ դուրսը մնաց, որովհետեւ դահլիճը փոքր էր ներս մտնել ցանկացողների համար: Ելույթ ունեցողների բնորոշումներում էլ ոչ ահավոր ածականների, ոչ թույնի պակաս կար, չնայած սովորաբար նրանք բողոքում են իշխանական կողմի թույնից: Մի խոսքով` իրենք միակ ճշմարիտն են, ամբողջ ժողովուրդն իրենց թիկունքին է, իրենք հաղթելու են, պայքար-պայքար մինչեւ վերջ: Ու վերջ: Ուրիշ կերպ մտածողների հերն էլ անիծած»:

«168 ժամ»-ի մեկնաբանը նկատում է. - «Տեր-Պետրոսյանն իր ելույթում, արդարացնելու կամ մեղմելու համար Սերժ Սարգսյանի հետ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը, մարտի մեկի ողջ մեղքը բարդեց Ռոբերտ Քոչարյանի վրա՝ Սերժ Սարգսյանին միջոց տալով եւ տեղ թողնելով կողմնորոշվելու եւ գործելու: Եվ եթե սրան դարձյալ գումարենք օրենքի եւ միմիայն օրենքի շրջանակներում գործելու Տեր-Պետրոսյանի հավաստիացումները, ապա իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի համար ավելի նախապատվելի կլինի խնդիրների լուծում փնտրել Տեր-Պետրոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի պես գործիչների հետ կամ նրանց միջոցով, քան հեղինակազրկված կոալիցիոն դաշնակիցների: Ենթադրում ենք, որ եթե, ի վերջո, տեղի ունենա համաժողովրդական շարժման կամ, ինչպես այսուհետ է կոչվելու՝ Համաժողովրդական ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ երկխոսություն, ապա այդ լարվածության թուլացումն էականորեն կթուլացնի նաեւ կոալիցիայի անդամների դիրքերը»:

«Հայք»-ը փաստում է. - «Երեւանի կենտրոնում երեկ կրկին արտակարգ դրություն էր: Մինչ ընթանում էր Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, ոստիկանական զորքերը շղթայել էին Ազատության հրապարակը: Մի քանի շարք կանգնած ոստիկանները թույլ չէին տալիս անցորդներին մտնել հրապարակ: Չբավարարվելով այդքանով, նրանք հրապարակում տեղակայել էին մի քանի ավտոբուս, որոնցից դուրս թափվեցին սպառազեն ոստիկանները: Սա հերթական անգամ ցույց է տալիս, թե ռազմաոստիկանական խունտան որքան վախեցած է Հայաստանի քաղաքացիներից: Եվ եթե անգամ մարդիկ միջոցառում են անցկացնում Երեւանի որեւէ վայրում, ապա խունտայի առաջին գործն այդ ընթացքում Ազատության հրապարակն օկուպացնելն ու այն ձերբակալելն է»:

«Հայոց Աշխարհ»-ը կարծիք է հայտնում. - «Կարելի է արձանագրել, որ նոր կառավարության կողմից արդեն թույլ տրվեց առաջին խոշոր սխալը. չկանխվեց ավտոտրանսպորտի կողմից օգտագործվող սեղմված բնական գազի գնի բացարձակապես չհիմնավորված ու բազմապատիկ բարձրացումը: Միանշանակ է, որ սեղմված բնական գազի գնի այս բարձրացումը, շղթայական ռեակցիայի սկզբունքով, ազդելու է տրանսպորտային ծառայությունների եւ դրանցից կախված բազմաթիվ ապրանքների գների վրա։ Եթե մինչեւ իսկ թույլ չտրվի միկրոավտոբուսների ուղեվարձի բարձրացում, ապա մարդատարով թե բեռնատարով գյուղից գյուղմթերք բերողը վաղը վարորդին հավելյալ վճարած հազարավոր դրամները հանելու է մեր բոլորի գրպանից։ Կբարձրանա նաեւ տաքսիների ուղեվարձը։ Այս ամենը չի կարելի թույլ տալ, վճռական գործողություններով պետք է բացառել»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ գրում է. - «Երբ մեր հեռուստաընկերությունների տերերը հայտարարում են՝ «մենք գործարարներ ենք, քաղաքականությունը մեզ չի հետաքրքրում», նրանք, մեղմ ասած, անկեղծ չեն. ամեն քայլափոխի նրանք գնում են քայլերի, որոնք հակասում են իրենց բիզնես-շահերին, միայն թե արժանանան իշխանավորների բարեհաճությանը: Օրինակ, նախընտրական արշավի ժամանակ փակում են քաղաքական թոք-շոուները՝ չնայած ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում դրանք կունենան ամենաբարձր վարկանիշը եւ, հետեւաբար, կարող են գրավել բազմաթիվ եւ «թանկարժեք» գովազդատուների: Կամ հրաժարվում են վճարովի հիմունքներով հեռարձակել ընդդիմության տրամադրած նյութերը: Ոչ, բարեկամներ, դուք բիզնեսմեններ չեք, դուք իշխանության թույլտվությամբ գոյություն ունեցող «կանտորաների» աշխատակիցներ եք»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG