Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եւ Բելառուսի դիվանագիտական կապերը կարող են խզվել


«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան ԱՄՆ-ի պետական դեպարտամենտն արդեն մտադիր էր պաշտոնապես Բելառուսին տեղեկացնել այսօրվանից Մինսկում ամերիկյան դեսպանատունը փակելու մասին եւ Բելառուսից պահանջել մինչեւ մայիսի 16-ը փակել դեսպանատունը Վաշինգտոնում եւ հյուպատոսարանը Նյու 3որքում, սակայն ամենավերջին պահին անսպասելիորեն հրաժարվել են դրանից:

Պետդեպարտամենտի մի պաշտոնյա, որը հրաժարվել է հրապարակել իր անունը, «Ասոշիեյթեդ փրես»-ին հայտնել է, որ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն կարգադրել է վերանայել վերը նշված որոշումը: Ի դեպ, ըստ գործակալության, այդ կարգի որոշումները վերանայելու իրավասությունը վերապահված է բացառապես պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսին:

Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, հրաժարվելով դեսպանատները փակելու որոշումից, Վաշինգտոնը Մինսկին ժամանակ է տալիս Բելառուսի տարածքից ամերիկացի դիվանագետներին արտաքսելու վճիռը վերանայելու համար: Նախօրեին Մինսկը պահանջել էր, որ Բելառուսում ԱՄՆ-ի դեսպանատան տասը դիվանագետներ 72 ժամում լքեն երկրի տարածքը:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Մինսկում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոնաթան Մուրը պետքարտուղարի նոր որոշման մասին տեղեկացել է արդեն Բելառուսի ԱԳՆ-ի շենքում, որտեղ տառացիորեն րոպեներ անց բելառուսական կողմին էր փոխանցելու դեսպանատները փակելու մասին կարգադրությունը:

«Մենք նախազգուշացրել ենք նրանց պատասխան գործողությունների մասին, մենք նախազգուշացրել ենք, որ արտաքսելով մեր անձնակազմի այդպիսի զգալի մասը, նրանք մեզ համար շատ բարդ են դարձնում այդ երկրում արդյունավետ առաքելություն ունենալը: Եվ դա կպահանջի որոշ լրացուցիչ գործողություններ», - ասել է պետքարտուղարության խոսնակ Թոմ Քեյսին:

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մուրը «հաստատել է, որ persona non grata՝ «անցանկալի անձ» հռչակված պաշտոնյաները սահմանված ժամկետում կհեռանան երկրից»:

Թոմ Քեյսին չի պարզաբանել, թե Բելառուսի նկատմամբ պատասխան ինչ միջոցներ կձեռնարկեն ամերիկյան իշխանությունները:

Մինսկի եւ Վաշինգտոնի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ ամերիկացիները պատժամիջոցներ են սահմանել «Բելնեֆտեխիմ» բելառուսական պետական նավթային ընկերության նկատմամբ: Այս տարվա ընթացքում Բելառուսն արդեն երկու անգամ պահանջել է, որ Մինսկում ամերիկյան դեսպանատունը կրճատի դիվանագետների թիվը:

Վաշինգտոնը միջազգային ասպարեզում Բելառուսի ավտորիտար նախագահ Ալեքսադր Լուկաշենկայի վարչակարգի ամենախիստ քննադատներից մեկն է:

Հարաբերությունների սրումը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Բելառուսին քննադատել է մարդու իրավունքները ոտնահարելու համար եւ պահանջել է ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի եւ Բելառուսի դիվանագիտական ճգնաժամը հասել է այն սահմանին, որ ամերիկացիները նույնիսկ բանակցություններ են վարել մի երրորդ երկրի հետ՝ Բելառուսում ամերիկյան շահերը ներկայացնելու համար: Դա միջազգային պրակտիկայում համարվում է դիվանագիտական կապերը ամբողջությամբ խզելուն նախորդող վերջին քայլը:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ ԱՄՆ-ը շատ հազվադեպ է փակում դիվանագիտական առաքելությունները: Սովորաբար, դա տեղի է ունենում միայն հակամարտությունների գոտիներում կամ էական անկայունության վտանգի դեպքում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG