Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված ազատամարտիկների


Այսօր մի քանի տասնյակ թալինցիներ, Հայոց կանանց շարժման ակտիվիստներ բողոքի ակցիա` երթ եւ հանրահավաք, անցկացրին ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված ազատամարտիկներ Մկրտիչ ու Ժորա Սափեյանների եւ Հայկ Գեւորգյանի:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 15-ին տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտեց Մկրտիչ եւ Ժորա Սափեյան եղբայրներին, նրանց քրոջ որդի Հայկ Գեւորգյանին հունվարի 27-ին նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընտրողների հետ Թալինում կազմակերպված հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու համար: Մկրտիչ Սափեյանը դատապարտվել էր 2 տարվա, Ժորա Սափեյանը՝ 2,5 տարվա, Հայկ Գեւորգյանը՝ 1,5 տարվա ազատազրկման: Դատապարտվածների փաստաբանները երեկ դատարանի որոշումը բողոքարկող հայց են ներկայացրեց վճռաբեկ ատյան:

Ցուցարարները Երեւան - Գյումրի ավտոմայրուղով` Աշնակ գյուղից մինչեւ Թալին, մոտ 6 կիլոմետրանող քայլերթն ավարտեցին Թալիքում անցկացրած հանրահավաքով:

Ինչպես երթի, այնպես էլ հանրահավաքի ընթացքում կազմակերպվեց ստորագրահավաք` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրված հայտարարության համար:

Հայտարարության մեջ, մասնավորապես, թալինցիները նշում են, թե աչքի առջեւ ունենալով իրենց ընկերների ու համաքաղաքացիների գործերով դատական նիստերի ու կայացրած վճիռների դառը փորձը, չեն հավատում Հայաստանում անկախ դատարանների առկայությանը. - «Որպես հասարակության մի մասնիկ` ներքոստորագրյալներս պահանջում ենք Ձեր ղեկավարած կառույցի գործուն եւ անաչառ մասնակցությունը ճշմարտության վերականգնման գործում բոլոր քաղաքական բանտարկյալների համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի համակարգող Լեւոն Մուրադյանը ասաց. - «Կա տեսաերիզը. թող նայեն… 8 վկաներ բացարձակապես հերքեցին, որ նման միջադեպ տեղի է ունեցել: Սադրանք էր, սարքվեց իշխանությունների կողմից Տեր-Պետրոսյանի շտաբի ակտիվիստներին մեկուսացնելու նպատակով»:


Ռուբեն Մելոյան, Աշնակ - Թալին - Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG