Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը Ադրբեջանին կօգնի նախապատրաստվել նախագահական ընտրություններին


Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն գործողությունների ծրագիր է ընդունել, օգնելու համար Ադրբեջանին` նախապատրաստվել աշնանը անցկացվելիք նախագահական ընտրություններին:

Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը APA գործակալությանը ասել է, թե գլխավոր նախապայմանը ընտրական նոր օրենսգրքի ընդունումն է, որը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին: Նա ընդգծել է, որ ընտրությունների նախաշեմին դա շատ կարեւոր է:

Յան Կուբիշը նշել է, որ Ադրբեջանում այդ ուղղությամբ առաջընթաց կա, որը ձեռք է բերվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների օգնությամբ, սակայն օրակարգում մինչեւ հիմա մի կարեւոր հարց կա` դա ընտրական հանձնաժողովների կազմն է:

«Ես հույս ունեմ, որ որոշումը կպաշտպանվի քաղաքական բոլոր ուժերի կողմից, եւ այն շուտ կընդունվի», - ասել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի ղեկավարը:

Նա նշել է, որ ընտրական նոր օրենսգիրքը ընդունելուց բացի, կարեւոր է հետեւել, թե այն կոնկրետ ինչպես է կիրառվում` երաշխավորելու համար ընտրությունների իսկապես ազատ եւ արդար անցկացումը:

«Ես հույս ունեմ, որ նախընտրական գործընթացը բազմակողմանի եւ արդարացի կլուսաբանվի լրատվամիջոցներում, եւ կապահովվեն ակցիաներ անցկացնելու հնարավորությունները», - ասել է Կուբիշը:

Նրա խոսքերով` ընդունված գործողությունների պլանը
կենտրոնանում է լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզարշավը եւ ընտրությունների ընթացքը լուսաբանելու վրա, ուսուցողական դասընթացների վրա, որոնք անցկացվելու են ընտրական հանձնաժողովների անդամների, ինչպես նաեւ հանրության համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG