Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տարեգիր»-ը գրում է. - «Քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքներից ամենահիմնականը, ըստ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի, ձեւակերպված է այսպես. - «Պետական իշխանության յուրացումը»: Եթե լուրջ վերաբերվենք սրան, եթե ընդունենք, որ նրանց դեմ առաջադրված մեղադրանքը շինծու չէ, ապա պիտի արձանագրենք, որ այս հոդվածով մեղադրվող անձինք փաստորեն յուրացրել են իշխանությունը եւ այն իրենց հետ տարել քրեակատարողական հիմնարկներ: Իշխանությունն, այսինքն, բանտում է, եւ Հայաստանի իրական իշխանավորներն էլ քաղբանտարկյալներն են: Եթե սա աբսուրդ կամ զավեշտ չէ, եթե կալանավորվածներին առաջադրված այդ մեղադրանքն իսկապես անհեթեթություն չէ, - նկատենք` «պետական իշխանության յուրացում», ոչ թե յուրացման փորձ, կամ, ասենք, յուրացման կոչ, ուրեմն իշխանությունը արդեն իսկ յուրացված է եւ գտնվում է այն յուրացնողների ձեռքում»:

«Հայոց Աշխարհ». - «Եթե ճիշտը խոսենք, ապա բանտարկյալները կարող էին եւ ավելի քիչ լինել: Սակայն մեր ժողովրդավարությանը սկզբունքորեն օտար է պաշտպանական խելամիտ ինքնաբավության հասկացությունը: Հայոց աշխարհում ավելի շատ հարգում են անխոհեմ ավելորդությունը: Կարելի էր եւ պետք էր ձերբակալել նախեւառաջ ձախողված հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ եւ տասը մարդու մահվան մեղավոր Տեր-Պետրոսյանին ու առավել կատաղի մի քանի ակտիվիստների. արդյունքն անհամեմատ ավելի մեծ կլիներ»:

«Չորրորդ իշխանություն». - «Սգո եւ հիշատակի երեկվա քայլերթը նախորդներից մի այլ բանով էլ էր տարբերվում: Համաժողովրդական շարժման մի քանի տասնյակ հազար ակտիվիստներ նախապես հավաքվել էին Ազատության հրապարակի մերձակայքում եւ այնտեղից էլ սկսեցին երթը: Այսինքն, իրականացավ այն կանխատեսումը, որ ինչպես 1988-ին եւ 1989-ին, այնպես էլ հիմա ապրիլի 24-ը կդառնա հանուն ազատության եւ արդարության համաժողովրդական պայքարի նոր վերելքի սկիզբը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու համաժողովրդական շարժման մյուս ղեկավարները միացան բազմահազարանոց հուժկու քայլերթին, եւ նոր վերելքի մեկնարկը տրվեց: Ու ամենեւին պատահական չէ, որ քայլերթի մասնակիցները վանկարկում էին «Ազատ-անկախ Հայաստան»:

«Հայաստանի Հանրապետություն». - «Պարզվում է, որ մի խումբ մարդկանց համար անընկալելի էր ապրիլի 24-ի խորհուրդը. նրանք պարզապես ուզում են ցուցադրաբար աղաղակել, որ ընդդիմությունը Ծիծեռնակաբերդ է գնում, որ, ինչպես որոշ լրատվամիջոցներ էին նշել, «Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջնորդում է ընդդիմության երթը»: Իսկ ընդդիմությունը հայ չէ՞... Թե՞ տարբերություն չի դրվում Ծիծեռնակաբերդ այցի եւ նախընտրական երթերի միջեւ, որ պետք է ինչ-որ մեկն իրենց առաջնորդի... Ավելին, «շարժումը» Ծիծեռնակաբերդից հետո վանկարկումներով տեղափոխվեց Հյուսիսային պողոտա. ավելի հարմար առիթ չէր էլ կարելի գտնել հերթական միտինգային ակցիան իրականացնելու համար: Այստեղ վերջնականապես պարզ դարձավ, որ ապրիլի 24-ի խորհուրդն ամենեւին էլ առնչություն չուներ նախկին նախագահի կողմնակիցների գործողությունների հետ. նրանք ցնծալից ծափահարություններով կարգախոսներ էին վանկարկում: Մոռացե՞լ էին, թե ծնունդով որտեղից է իրենց առաջնորդը, նրա ծնողներն ինչի հետեւանքով էին հայտնվել... Հալեպում...»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը նկատում է. - «Այս տարվա փետրվարին մի խումբ հայաստանցի դիվանագետներ հանդես են եկել հայտարարությամբ, որում պնդում էին, որ մեր երկիրը պետք է զարգանա ժողովրդավարության եւ լեգիտիմության ճանապարհով: Վարդան Օսկանյանը տվյալ հայտարարությունը շտապեց բացատրել այդ դիվանագետների` Տեր-Պետրոսյանի նկատմամբ անձնական համակրանքով: Բայց դա, ինձ թվում է, մակերեսային մոտեցում է. ես այստեղ տեսնում եմ պետությանը իսկապես նվիրված մարդկանց մտահոգություն, որը հասունացել է ծառայության տարիների ընթացքում: Այսօր խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ մեզ վերաբերող բանաձեւի պահանջները: Ի՞նչ է, նրա՞նք էլ են ընդդիմության համակիրներ: Կամ գուցե բոլորը «անհաջող կադրե՞ր» են»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG