Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Անկախ Հայաստանի երազը, ուր հայ մարդը կարող է ապրել առանց օտարի ճնշման, ունենալ գոյատեւման սեփական միջոցներ, մեր նահատակները կտակել են մեզ` համոզված լինելով, որ պատվով կտանենք այդ սուրբ լուծը ու չենք շեղվի պայքարի ու ինքնահաստատման ուղուց: Այդ կտակը դարձել է Ծիծեռնակաբերդի բարձունքին վառվող ու ազգային գոյամարտը խորհրդանշող կրակ, որի բոցերը ինքնամաքրման ու ինքնատիրապետման խորհուրդն ունեն իրենց մեջ: Պահանջատիրությունն արդարություն է: Արդարությունը` խաղաղություն: Անկախ պետություն ունենք. ազգն ու պետությունը չպետք է թույլ տան նոր ոճիրի հնարավորություն»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը կարծիք է հայտնում. - «Կարելի է արձանագրել, որ ապրիլի 24-ը ազգային միասնության օր չէ: Պատճառը, իմ կարծիքով, այն է, որ հնարավոր չէ միասնանալ միայն անցյալի շուրջ: Մանավանդ, երբ անցյալի կոնկրետ այս իրադարձությունը մեր ազգի համար աղետալի էր իր ընթացքով եւ հետեւանքներով: «Մեզ ջարդեցին», «մեզ կոտորեցին», «մեր հողերը մեզնից խլեցին»` արդյոք կարելի՞ է ազգային միասնությունը կառուցել այս հիմքի վրա: Ավելին` եթե այդպես են Սփյուռքի հայկական կառույցներն իրականացնում «հայապահպանման» գործը, ապա դա ցավալի է. մեր թոռներին (մանավանդ` Եվրոպայում եւ Ամերիկայում) վաղ թե ուշ կհարցնեն` այս ի՞նչ ազգ ենք մենք, որ մեր ինքնության հիմքը «ջարդվելու-կոտորվելու» հիշողությունն է: Ազգի միասնությունը կառուցվում է, անշուշտ, անցյալի ճիշտ, սթափ գնահատականի, բայց դրանից առավել` ապագայի ընդհանուր տեսլականի վրա»:

«Ժամանակ Երեւան»-ը մեջբերում է գրող Վանո Սիրադեղյանին. - «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով` հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը եւ երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»:

«Ազգ»-ը գրում է. - «Համաժողովրդական շարժման կենտրոնը» այսօր, Ապրիլի 24-ին, փորձելու է, ըստ իր տարածած հայտարարության, Ազատության հրապարակից սկիզբ առնող երթով նոր իմաստ եւ «այլ խորհուրդ» ներարկել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրվան, եւ խոստանում է, որ «ապրիլի 24-ը կրկին դառնալու է մեր չդադարած պայքարի նոր մի սկիզբ»: Իրեն հայ զգացող յուրաքանչյուր մարդ գոնե այսօր, Ապրիլի 24-ին, անշուշտ, պիտի հարց տա` իշխանության հասնելու ուրիշ օր չգտա՞ք, ինչո՞ւ եք փորձում իշխանատենչական պայքարի վերածել մեր Սգո երթը, մեզնից խլված հայրենիքի Կարոտը, մեր ցասումը մարդու անմարդկայնության դեմ, ազգային իրավունքներին տեր մնալու մեր Վճռականությունը: Ժողովրդի անունից խոսելուց առաջ հարցրի՞ք իմ եւ ինձ նմանների կարծիքը: Ապրիլի 24-ը այդ օրը չէ’ ...»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «168 ժամ» թերթում փաստում է. - «Ժողովրդավարության տեսակետից Հայաստանն այսօր խաչմերուկում է: Հիմա մենք կամ շարունակում ենք ժողովրդավարության ճանապարհով գնալ, կամ էլ` ավտորիտար ճանապարհով: Իսկ դա արդեն մեր որոշելիքն է, ոչ մեկը մեզ չի կարող ստիպել` ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրախորհուրդը: Այդ տեսակետից այսօր բախտորոշ իրավիճակ է մեզ մոտ: Մենք այդքան ժողովրդավար չենք էլ եղել: Դրա համար էլ այս ամենը եղավ: Ոչ թե մենք ժողովրդավար էինք, հանկարծ ինչ-որ մարտի 1 եղավ: Մենք ժողովրդավարական համակարգ չէինք էլ ունեցել, դրա համար այս ամենը եղավ: Մենք ֆասադային ինչ-որ էլեմենտներ ունեցել ենք, բայց էությամբ լուրջ ժողովրդավարական համակարգ չենք ունեցել: Լուրջ ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում այդպիսի բաներ չեն լինում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG