Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկայացրեց նորանշանակ նախարարներին


Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ եւս չորս նախարարների` ձեւակերպելով նրանց առջեւ դրված բավականին հավակնոտ խնդիրները:

Ներկայացվեցին ֆինանսների նախարարը` Զարգացման հայկական գործակալության նախկին տնօրեն Տիգրան Դավթյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Նախարարությունների առջեւ դրված խնդիրները, որոնք բարձրաձայնեց վարչապետը, իրոք, հավակնոտ են: Օրինակ, ֆինանսների նախարարին ներկայացնելիս, Տիգրան Սարգսյանը ասաց, որ կառավարության «կարեւորագույն թիրախներից մեկը` Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնել է»:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունում ընդգծելով, որ ոլորտը, մասնավորապես, ինֆորմացիոն տեխնոլոգիաները գերակայություն են հռչակվել կառավարության կողմից, ասաց. - «Հասկանալի է, որ հենց ձեր աշխատանքի շնորհիվ այդ ոլորտում մենք պետք է կարողանանք մտցնել այնպիսի բեկում, որ տարածաշրջանային մրցակցության մեջ ստանձնենք առաջատարի դերը»:

Այս ծրագրերի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անկախ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը ասաց. - «Կառավարության գործունեության 2007-2012 թվականի ծրագրում սեւով սպիտակին գրված է, որ Հայաստանի առաջնահերթ, այսպես կոչված պրիորիտետ ճյուղերը լինելու են հանքարդյունաբերությունը եւ լեռնային մետալուրգիան: Այսինքն մենք դառնում ենք հումքային մի երկիր... Ո՞նց կարող են դառնալ ֆինանսական կենտրոն, եթե Հայաստանի կապիտալիզացիան կազմում է 0,9 տոկոս համախառն ներքին արդյունքի»:


Աննա Սաղաբալյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG