Մատչելիության հղումներ

Վերանշանակված նախարարները ներկայացվեցին նախարարությունների աշխատակազմերին


Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց իրենց նախարարական պաշտոնները պահպանած առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Բնապահպանության նախարարությունում վարչապետը, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, ասաց, որ տեսակետ կա, թե «բնապահպանական խնդիրները, եթե խոչընդոտում են տնտեսական զարգացումներին, ապա պետք է աչք փակել եւ լավ օրերը որ գան, այն ժամանակ կզբաղվենք բնապահպանական խնդիրներով»:

«Կարծում եմ, որ այստեղ հավաքված մարդիկ համաձայն չեն այդ տեսակետի հետ», - ասաց Տիգրան Սարգսյանը` վստահեցնելով, որ ինքն էլ համաձայն չէ նման ձեւակերպմանը:

«Մեր ծրագրում ֆիքսված է, որ այս [սոցիալական] քաղաքականությունը առավել թիրախավորված պետք է լինի, որպեսզի միջոցները չփոշիացվեն եւ հասնեն հենց այն ընտանիքներին, որոնք դրա կարիքը ունեն», - սոցիալական ապահովության նախարարությունում Աղվան Վարդանյանին ներկայացնելիս ասաց վարչապետը:

«Մեր խնդիրներն այնպիսին պիտի լինեն, որ մենք կարողանանք առաջիկա 15-20 տարվա ընթացքում հասնել եվրոպական երկրների այն մակարդակին, որը նրանք կունենան այդ ժամանակ», - ասաց Աղվան Վարդանյանը, ինչին վարչապետն արձագանքեց. - «Ոչ մի նախարար նման համարձակ հայտարարություն չէր արել… Բայց դա ինձ դուր է գալիս»:

«Մենք պետք է մեծ խնդիրներ դնենք մեր առջեւ, որպեսզի հաջողություն ունենանք», - հավելեց Տիգրան Սարգսյանը:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին ներկայացնելիս վարչապետը խնդիր դրեց «Հայաստանի Հանրապետությունում ստեղծել առողջապահական համակարգ, որ մենք կլինենք տարածաշրջանում առողջապահական կենտրոն»:

Էներգետիկայի նախարարությունում վարչապետը անդրադարձավ նախարարությունը կցվող նոր ոլորտին` բնական պաշարների վերահսկողությանը. - «Մենք կարեւորում ենք այս ոլորտը, եւ դա լինելու է մեր տնտեսության շարժիչներից մեկը»:

Այսպիսով, կառավարության ձեւավորումը մոտենում է իր ավարտին:

Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, կարեւորը «վարչապետի ֆիգուրն է»:

«Ես Տիգրան Սարգսյանին ճանաչում եմ որպես շատ բարձր մակարդակի որակյալ մասնագետ, եւ ինքը որպես վարչապետ կկարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնք մեզ ոչ միայն զիջած դիրքերը հետ նվաճելու հնարավորություն կստեղծեն, բայց նաեւ` առաջ գնալու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանը: - «Ինչ վերաբերում է նախարարներին, ապա ինչպես կհրահանգեն նախագահն ու վարչապետը, այդպես էլ նրանք կաշխատեն»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե հետընտրական իրադարձությունները չհանգեին մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին, կառավարությունը «արմատական փոփոխությունների կենթարկվեր»:

«Ներքաղաքական լարվածությունից հետո գործող նախագահը իր համար ոչ ցանկալի պարտավորություններ է ստանձնել, մասնավորապես կոալիցիոն գործընկերների նկատմամբ», - ասաց նա` եզրափակելով. - «Այս կառավարությունը ես գնահատում եմ որպես հեռացող նախագահի եւ նորընտիր նախագահի կողմից կոմպրոմիսի արդյունք: Հազիվ թե սա Սերժ Սարգսյանի երազած կառավարությունն է»:


Աննա Սաղաբալյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG