Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Ռուսաստանում, ինչպես եւ Հայաստանում, իրագործվում է քաղաքական կյանքի իմիտացիա` ընտրական մեխանիզմների չգոյության, իշխանության կողմից հեռուստաեթերի «զավթման» եւ կախյալ դատարանների պայմաններում իսկական քաղաքական կյանք հնարավոր չէ: Կան, իհարկե, մեր երկրների միջեւ որոշակի տարբերություններ: Ռուսաստանը նավթ եւ գազ է վաճառում, որոնք անընդհատ թանկանում են, իսկ մենք գնում ենք այդ նույն ապրանքները: Հետեւաբար, նրանք առայժմ հարստանում են, իսկ մենք` աղքատանում, որի արդյունքում ռուսաստանցիների մեծ մասը Պուտինին սիրում է, իսկ մենք մեր ղեկավարներին` ոչ»:

«168 ժամ»-ի թղթակցի հարցին ի պատասխան` կկարողանա՞ արդյոք նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրականացնել տնտեսական բարեփոխումներ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասել է. - «Երեկ ես գնացել եմ Ազատության հրապարակ, ինձ մոտեցել է մի ոստիկան եւ դուրս հրավիրել այդտեղից: Իսկ օրեր առաջ քաղաքացիներին բերման էին ենթարկում Հյուսիսային պողոտայում զբոսնելու համար: Խնդրեմ, Տիգրան Սարգսյանը թող այս հարցին պատասխան տա` արդյոք Ոստիկանությունն իրավունք ունի՞ ինձ` Հայաստանի քաղաքացուս, Ազատության հրապարակից դուրս հրավիրել: Նա թող պատասխանի` կամայականությո՞ւնը, թե՞ օրենքն է իշխող լինելու մեր երկրում: Եվ ես կասեմ, թե նա կարո՞ղ է հաջողության հասնել»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. - «Աշխարհում այլ մեխանիզմ չկա` ընդդիմությունը փորձում է համոզել հանրությանը, որ իշխանությունը վատն է, իսկ իշխանությունն էլ փորձում է անել հնարավորինս լավ բաներ, որ ընդդիմությունը չհամոզի հանրությանը: Այդպես է պետություն կառուցվում, ոչ թե այնպես, երբ բոլորը հավաքվում են մի տեղ, այդ տեղը փակում են ոստիկաններով, իսկ մնացյալին անվանում են խուլիգան ու թմրամոլ»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում քաղաքագետ Արտյոմ Խաչատրյանը «զավեշտ» է համարել, երբ Արեւմուտքը այսօր էլ պնդում է, թե պետք է երկխոսություն սկսել ընդդիմության հետ. - «Ես դա ուղղակի չեմ պատկերացնում: Ի՞նչ թեմայի շուրջ պետք է երկխոսեն նորընտիր նախագահն ու Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ է, պետք է Սերժ Սարգսյանն ասի` ինձ թաթար-մոնղոլ մի անվանի: Կամ` միայն ասա թաթա՞ր: Կամ` պետք է ասի, լավ էլի, համաձայնվիր, որ դու ոչ թե 65 տոկոս ես ստացել, այլ 51 տոկո՞ս: Ես չգիտեմ, թե Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես ինչի շուրջ կարելի է խոսել: Դրա հետ ի՞նչ խոսես»:

«Ժամանակ Երեւան»-ը փոխանցում է. - «Երեկ ոմանք ծաղիկներով էին եկել [Հյուսիսային] պողոտա, որոշել էին ծաղիկներ նվիրել ոստիկաններին, չարին բարով հատուցել»: «Քանի որ նրանք ընդամենը կատարողներ են: Թեպետ իրենք մեր նկատմամբ վատ են տրամադրված, հեռու են օրենքի պաշտպան լինելուց, մենք ուզում ենք մեր վերաբերմունքը ցույց տալ: Կարծում եմ, ժամանակը կգա, նրանք էլ կհասկանան իրենց սխալները», - թերթին ասել է մի կին: Ծաղիկները այդպես էլ չեն հասել հասցեատերերին:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ականավոր քաղաքական գործիչ, ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 76 տարեկան: Նրա մահվանից ինը տարի անց դեռեւս չի իրագործվել Մաշտոցի պողոտայի վրա նրա կիսանդրին տեղադրելու որոշումը, որ կայացվել է հոկտեմբերի 27-ից հետո: Իսկ «Հ1»-ն առ այսօր հրաժարվում է ցուցադրել անցյալ տարի պետպատվերով նկարահանված Կարեն Դեմիրճյանին նվիրված ֆիլմը»:

«Ազգ»-ը տեղեկացնում է, որ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ինչո՞ւ: «Ինձ ճանաչողները այդ հարցը չեն տալիս», - թերթին ասել է տիկին Խոդիկյանն ու շարունակել. - «Կա մի ժամանակ եւ դա հենց այն ժամանակն է, երբ ես մտածեցի, որ ավելի ճիշտ է գնամ ու վերադառնամ գրողական գործին, ունենամ այն հանգստությունը, ներքին հաշտությունը, առանց որի սպիտակ թերթին մոտենալ հնարավոր չի»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG