Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ի՞նչը կարող էր կանխել մարտի 1-ը՝ «Հայք»-ի թղթակցի այս հարցին դերասան Հրանտ Թոխատյանը պատասխանում է. - «Երկու ճամբարում էլ իմ շատ լավ ընկերներն էին, իմ քաղաքի տղաները, ում հետ ես մեծացել եմ: Արամը Մանուկյան իմ լավ բարեկամն է, նույնը՝ Ալիկ Արզումանյանը իմ շատ լավ ընկերն է, որի հետ ապրել ենք մի բակում: Ավելին, իր շունը իմ կատվի հետ է ընկերություն արել: Արարատը Զուրաբյան իմ եւ քաղաքի համար հարազատ տղա է: Մենք օտարներ, թշնամիներ չենք, այլ իմ ընկերներն են, իմ կողմից հարգված մարդիկ, որոնք ունեն իրենց կարծիքը: Եվ եթե այսօր ուրիշ կերպ ենք մտածում, դա չի նշանակում, որ իրար մռութ պետք է ջարդենք: Պարզապես մենք պետք է հանդիպեինք ու ընդհանուր հայտարարի գայինք: Բայց մենք տարերքի մեջ ընկանք ու իրար չհանդիպեցինք, որը մեծ սխալ էր»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Եվրոպացիներն այսօր կանգնած են Հայաստանում փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրություններին վերջնական գնահատական տալու խիստ բարդ խնդրի առաջ: Փետրվարի 20-ին եվրոպացիները շտապեցին արձանագրել, որ Հայաստանում փետրվարի 19-ի «ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի առաջ ստանձնած պարտավորությունների ու չափանիշների համաձայն»: Եվ ահա այսօր՝ փետրվարի 19-ին հաջորդած զարգացումներից, մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից, իրենց ձայնի, ընտրելու եւ ազատ ապրելու իրավունքի համար պայքարող Հայաստանի քաղաքացիների թափված արյունից հետո, եվրոպացիները պետք է մտածեն, ինչպես են դուրս գալու իրենց վերոնշյալ հայտարարության տակից»:

«Ժամանակ Երեւան»-ը մեջբերում է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը. - «Ոչինչ չունենք թաքցնելու մեր քաղաքացիներից, եւ մեր մոտեցումը լինելու է այն, որ մենք ճշմարտությունը ներկայացնելու ենք մեր քաղաքացիներին. կլինի դա պոպուլիստական մոտեցո՞ւմ, թե՞ ոչ` կդատեն մեր քաղաքացիները»: Թերթը մեկնաբանում է. - «Զարմանալի է, որ Տիգրան Սարգսյանը սկսել է սրտացավություն խաղալ ու «մեր» դերանունով դիմել այն քաղաքացիներին, որոնց գրպաններն էր մտնում տարիներ շարունակ ու դոլար-դրամ կուրսը իր «հավեսով» տատանելու արդյունքում արագացնում այդ մարդկանց ունեզրկումը: Այնպես որ, իշխանությունների հանդեպ անվստահությամբ լցված քաղաքացիներից տիտանական ջանքեր կպահանջվեն այսուհետ նոր վարչապետի «ազնվությանն» ապավինելու, առավել եւս` նրան հավատալու համար»:

«Ազգ»-ը գրում է. - «Ինչ մնում է խորհրդարանում հայտնված այն պատգամավորներին (որքան էլ տարօրինակ է` ընդդիմադիր), որոնք գտնում են, որ Տիգրան Սարգսյանը «ավտարիտետ» չէ վարչապետ աշխատելու համար, ապա տրամաբանորեն նրանք պետք է հանդես գային գիտելիքի կարեւորությունն առաջնահերթ ու ծրագրային համարող վարչապետին կողմ եւ «ավտարիտետներին» ղեկավար պաշտոններում նշանակելու դեմ, այլ ոչ թե «ավտարիտետ» ունեցող վարչապետ տեսնել ցանկացողի դերում: «Ավտարիտետներից» զզվել ենք»:

«Առավոտ»-ը գրում է. - «Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը չի մասնակցել: Այս օրերին դրա մասին խոսում է ողջ քաղաքը: Այս ամենը Գյումրիում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, թե իրականում քաղաքապետը հրավիրված չի էլ եղել: Մինչդեռ քաղաքապետարանի մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` երդման արարողությանը մասնակցելու համար ամբողջ քաղաքապետարանին ընդամենը մեկ հրավիրատոմս է ուղարկվել, որն էլ, գյումրեցի պաշտոնյաների կարծիքով, «դիվանագիտորեն նշանակում է` հրավիրում ենք, բայց քո ներկայությունն այնքան էլ հաճելի չէ»: Այսինքն` այս ժեստով նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Վարդան Ղուկասյանին քաղաքավարի հասկացրել է, որ առաջիկայում նրա` նորից քաղաքապետ վերընտրվելու շանսերը բացառված են»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG