Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը արտգործնախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Նշելով, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվեցին պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, Սերժ Սարգսյանն ասել է, որ դա զուգադիպություն էր, սակայն այդ զուգադիպությունը նաեւ խորհուրդ ունի:

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում նամանավանդ, իր երկրի առաջամարտիկն է, իր երկրի զինվորը, սպան, գեներալը եւ ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անառիկության, անվտանգության համար», - ընդգծել է նախագահը` հավելելով, որ արտաքին քաղաքականությունը եւ պաշտպանությունը մշտապես եղել եւ մնալու են գերակայություն:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նոր պաշտոնում Էդվարդ Նալբանդյանը կկարողանա առավելագույնս բացահայտել իր կարողությունները եւ օգտակար լինել երկրին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Վարդան Օսկանյանին, ով տասը տարի ղեկավարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պահպանելով իր փոխլրացման բովանդակությունը, պետք է դառնա ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող: Նա անչափ կարեւորել է բարենպաստ պայմանների ստեղծումը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի լուծման համար:

Նշելով, թե Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` կապված Ադրբեջանի նավթադոլարների, հումքային ռեսուրսների հետ, Սերժ Սարգսյանն ասել է. - «Փողի ուժով չէ, որ կարելի է պետություն կառուցել, փողի ուժով չէ, որ կարելի է զինված ուժեր ստեղծել: Տնտեսական ազատությունների վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ, իսկ Ադրբեջանը` 107-րդ տեղը: Սա արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է: Մասնագետների գնահատականով, Ադրբեջանում կան զինված ստորաբաժանումներ, իսկ Հայաստանում` զինված ուժեր: Եվ եթե ադրբեջանցիներին թվում է, թե զուտ դոլարով կարելի է կարճ ժամանակում բանակը դարձնել մարտունակ եւ այդ բանակի օգնությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ապա նրանք չարաչար սխալվում են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստն այլեւս անդառնալի է, անշրջելի»:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ղարաբաղյան խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք պատերազմից չենք վախենում, բայց նաեւ չենք ուզում, որ պատերազմ լինի», - շեշտել է նա:

Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է Սփյուռքի հետ աշխատանքը, հայապահպանության խնդիրները, Սփյուռքի ներուժի ավելի լիարժեք օգտագործումը:

Նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG