Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը եւ Համաշխարհային բանկը նախազգուշացնում են` հնարավոր է պարենի համաշխարհային ճգնաժամ


ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ժան Զիգլերը «Լիբերասյոն» թերթին տված հարցազրույցում ասել է, թե «աշխարհն ընթանում է դեպի երկարատեւ հակամարտությունների շրջան, որի դրդապատճառները կլինեն համաշխարհային շուկայում պարենի գնաճը եւ սննդամթերքի պակասը»:

Զիգլերի խոսքերով, միայն անցած երկու ամսվա ընթացքում բրնձի գինն աճել է 52 տոկոսով, իսկ ցորենի գինը 4 ամսում 84 տոկոսով է աճել: Մինչդեռ այս գնաճից առաջ էլ հայտնի էր, որ աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանում մահանում է մինչեւ տասը տարեկան մեկ երեխա, իսկ ընդհանրապես թերսնումից աշխարհում տառապում է 854 միլիոն մարդ:

Ժան Զիգլերի խոսքերով, Արեւմուտքում ընտանիքը պարենի համար ծախսում է բյուջեի 10-ից 20 տոկոսը, մինչդեռ, մոլորակի թշվառ շրջաններում պարենը «խլում է» բյուջեի 60-90 տոկոսը:

122 պետությունների ընդհանուր պարտքը կազմում 2 տրիլիոն 100 միլիարդ դոլար, ինչը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ժան Զիգլերի համոզմամբ, «իրավիճակը դարձնում է պայթյունավտանգ»:

Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զյոլիքը բանկի անդամ երկրներին կոչ է արել ձեռնարկել պարենի համաշխարհային ճգնաժամը վտանգը կանխելու անհապաղ միջոցներ: «Մեր հաշվարկների համաձայն, անցած երեք տարում պարենի գների կրկնապատկման արդյունքում շուրջ 100 միլիոն մարդ կհայտնվի ծայրահեղ թշվառության պայմաններում», - կիրակի օրը Վաշինգտոնում ասել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զյոլիքը:

Դրան նախորդել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Շտրաուս-Քաննի հայտարարությունն այն մասին, որ «հարյուր հազարավոր մարդիկ աշխարհում կարող են սովամահ լինել»:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, մի շարք երկրներում՝ Հաիթիում, Ֆիլիպիններում եւ Եգիպտոսում, սննդամթերքի պակասի հետեւանքով արդեն եղել են զանգվածային անկարգություններ:

Համաշխարհային շուկաներում պարենի գնի աճն անխուսափելիորեն գնաճ է հարուցում նաեւ Հայաստանում, որտեղ թանկացել է հատկապես ներմուծվող սննդամթերքը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում՝ 2007-ի դեկտեմբերից մինչեւ 2008-ի մարտ, պարենային ապրանքների գներն աճել են 7.2 տոկոսով:

«Ավելի երկարաժամկետ հատվածի դիտարկման արդյունքները վկայում են, որ 2007 թվականի մարտի - 2008 թվականի մարտ ժամանակաշրջանում ՀՀ-ում հացամթերքի գնաճը կազմել է 33.9 տոկոս, կենդանական-բուսական յուղինը՝ 33.32 տոկոս, բանջարեղենի եւ կարտոֆիլի գնաճը` 5.6 տոկոս, սուրճի, թեյի եւ կակաոյի գնաճը` 9.6 տոկոս», - ասել է Գուրգեն Մարտիրոսյանը` միաժամանակ հավելելով, որ ներմուծվող ապրանքներից, օրինակ, շաքարավազի գնի նվազում է գրանցվում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG