Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»֊-ի մեկնաբանը Սերժ Սարգսյանի մասին գրում է. - «Իր պաշտոնական առաջին ելույթում նա ինքը խոստացավ եւ պարտավորվեց լինել նաեւ իրեն չընտրող քաղաքացիների նախագահը: Եվ այդ խոստումը թույլ էր տալիս լավատեսական ենթադրություն անել, որ արարողությունից անմիջապես հետո նա, մի կողմ դրած չհասկացվածության ամեն մի պատ, կշտապի Մյասնիկյանի արձանի մոտ՝ ծաղիկներ դնելու մարտի 1-֊ին զոհված 8 քաղաքացիների հիշատակին, որոնց նախագահը լինել ինքը, ամեն դեպքում, չկարողացավ, սակայն որոնց մահվան մեղքի իր բաժինն ընդունեց: Անկախ իր հասցեին հնչող լուտանքներից, որոնք անպայման կլինեին, Սերժ Սարգսյանը կկարողանար քանդել չհասկացվածության պատի գոնե մի քարը եւ որոշ չափով լիցքաթափել անվստահության մթնոլորտը: Սակայն նա գերադասեց այցելել Եռաբլուր, ծաղիկներ դնել Անդրանիկ Օզանյանի եւ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Եռաբլուրում ծաղիկներ դնելը եւ գլուխ խոնարհելը մեծ արիություն չպահանջող գործողություն էր»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առավոտ»֊-ում կարծիք է հայտնում. - «Սարսափելի է, բայց անկախ եւ ժողովրդավարական հռչակված Հայաստանում այսօր, ինչպես ամենաբիրտ տոտալիտար ռեժիմների ժամանակ, ամենակարգին մարդու համար ամենակարգին տեղը մնացել է բանտը: Ցանկացած ազնիվ եւ տեսակետ ունեցող մարդ այսօր կարող է հայտնվել բանտում, եւ դա արդեն որեւէ մեկին չի զարմացնի: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազատության եւ անազատության սահմանն է ջնջվել: Հիմա որտե՞ղ է այդ ազատությունը՝ բանտո՞ւմ, որտեղ դու կարող ես ապրել ու մտածել, թե՞ փողոցում, երբ ցանկացած պահի քայլելու, մտածելու, զբոսնելու համար ոստիկանի մահակը կարող է իջնել գլխիդ»:

Անդրադառնալով վերջերս Եվրոպայում եւ ԱՄՆ֊-ում տեղի ունեցած բողոքի ցույցերին, «Հայոց Աշխարհ»֊-ը փաստում է. - «Ակնհայտ է, որ Եվրոպայի սրտում կամ օվկիանոսից այն կողմ անցկացվող սույն արմատական թամաշաներին կամ հակահայկական ակցիաներին երբեւէ մասնակից չի դառնա ավանդական Սփյուռքը։ Որքան էլ անհեթեթ ու անտրամաբանական համարվի, սակայն ակնհայտ է, որ այսօր ի պաշտպանություն ԼՏՊ-ի, Լոսում, թե այլուր փողոց են դուրս գալիս նրանք, ովքեր 90-ականներին` Տեր-Պետրոսյանի ղեկավարման հենց առաջին տարիներին, փախան հայրենիքից։ Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ է։ 15 տարի առաջ արտագաղթածները, որոնք հոլիվուդյան ցույցի ժամանակ «Լեւոն» են գոռում, իսկապես կորցրել են հիշողությունը։ Ինչին, հասկանալի է, նպաստել են թե՛ Լոս Անջելեսը հեղեղած ԼՏՊ-ի DVD-ները, թե՛ այստեղ գործող մի քանի հհշական հեռուստաժամերը։ Իրականությունն այն է, որ, այսպես կոչված, նոր սփյուռքի ներկայացուցիչների մի զգալի մասը մշտապես արդարացումներ է փնտրում ժամանակին երկիրը լքելու եւ այլեւս չվերադառնալու համար»։

Դիտարկելով իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հնարավորությունը, «Հայք»-֊ը գրում է. - «Ամենամեծ խնդիրն այն է, որ երկխոսություն եւ համագործակցություն ասելով՝ բռնապետության ներկայացուցիչները հասկանում են պաշտոնակիսություն: Նրանք երբեմն անկեղծանալով խոստովանում են, թե չեն պատկերացնում՝ ինչ պետք է քննարկեն Լեւոն Տեր֊-Պետրոսյանի հետ: «Ախր նա չի համաձայնվի զբաղեցնել նախարարի պաշտոն»,֊ - ասում են նրանք: Այնպես որ, առաջին հերթին, նրանք պետք է քաղպարապմունք անցնեն՝ հասկանալու համար, թե ինչ է քաղաքական երկխոսությունը, այնուհետեւ ազատ արձակեն քաղբանտարկյալներին, չվախենան զանգվածային հանրահավաքներից ու երթերից եւ դադարեցնեն բռնությունները, որից հետո հնարավոր կլինի կառուցողական երկխոսություն սկսել, որի ընթացքում էլ կքննարկվեն երկիրը անդունդի խորքից դուրս բերելու հարցերը»:

«Ժամանակ Երեւան»-֊ը հարց է տալիս. - «Քաղաքացին ինչպե՞ս կարող է պատժել «պետությանը», որն ակնհայտ ստում է ու շարունակ սխալներ անում»: Մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Պատասխանը մեկն է. իջնում է հրապարակ, լցնում է փողոցները, փակում է աչքերը, բացում է բերանը եւ պահանջում՝ «վերջ տալ ստերին, ուղղել սխալները, հաշտվել իշխանությունից հեռանալու մտքի հետ, խաղաղ ու հանգիստ փոխանցել իշխանությունը ժողովրդի ընտրյալին, ենթարկվել ժողովրդավարության խաղի կանոններին եւ վերջապես ընդունել իրականությունը ու հեռանալ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG