Մատչելիության հղումներ

Ժոզե Մանուել Բարոզուն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ղեկավարներին


«Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

Բարոզուն եռօրյա այցով է մեկնել Թուրքիա: Այցի ընթացքում նա թուրք ղեկավարներին հորդորելու է արագացնել բարեփոխումների գործընթացը: Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ մահմեդական արմատներ ունեցող «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության հնարավոր արգելափակումը կարող է վնաս հասցնել Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններին:

Էրդողանի կուսակցությանը մեղադրում են Թուրքիայի աշխարհիկ կարգերը խարխլելու փորձերի մեջ, Սահմանադրական դատարանում նախատեսված են լսումներ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խնդրի շուրջ:

Այսօր առավոտյան Էրդողանը Ստամբուլում Թուրքիայի եւ Եվրամիության համագործակցության օրակարգով գումարված խորհրդաժողովում ասել է, որ Թուրքիան պարտավոր է առաջ տանիել բարեփոխումները:

«Բոլորը պարտավոր են նրբանկատ լինեն եւ վնաս չհասցնեն դեմոկրատիային եւ դրա կառույցներին», - ասել է Ռեջեբ Թայիբ Էրդողանը: «Ասոշիեյթեդ պրես»-ի համոզմամբ, «կառույցներին վնասելու» մասին ակնարկը միանշանակ հասցեագրված էր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հասցեին հնչող մեղադրանքին:

Այսօր Ժոզե Մաուել Բարոզուն այցելել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան, որտեղ հարգանքի տուրք է մատուցել աշխարհիկ երկրի ջատագովի եւ բարեփոխականի համբավ ունեցող առաջին նախագահի հիշատակին եւ գրություն է թողել դամբարանի պատվավոր այցելուների գրքում:

«Ասոշեյթեդ պրես»-ի նշում է, որ Բարոզուն պետք է ելույթ ունենա Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում: Բարոզուին ուղեկցում է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար 0լի Ռեհնը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG