Մատչելիության հղումներ

Human Rights Watch. «Սերժ Սարգսյանը պետք է վերականգնի մարդու իրավունքները»


Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Նման կարծիք է երեկ հայտնել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպությունը Հայաստանի միջազգային գործընկերներին կոչ է արել օգնել Հայաստանին` կատարելու իր միջազգային պարտավորությունները եւ կանգնելու ժողովրդավարական զարգացման ճանապարհին:

«Հայաստանի նոր ղեկավարի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հոլի Քարթները: - «Նա պետք է վճռական քայլեր ձեռնարկի` հետաքննելու ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրումը եւ վերացնելու հավաքների ազատության սահմանափակումները»:

«Սա Հայաստանի խաթարված իմիջը վերականգնելու հնարավորություն է, եւ Սարգսյանը չպետք է բաց թողնի այն», - ընդգծել է Քարթները:

Հայտարարության մեջ նշված է, որ Human Rights Watch-ը արձանագրել է լուրջ ընթացակարգային խախտումներ վերջին շրջանի ձերբակալությունների ընթացքում եւ դրանցից հետո, մասնավորապես վկայակոչվում է ձերբակալվածներին փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն չտալը եւ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը ոստիկանությունում:

«Արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելուց անմիջապես առաջ Ազգային ժողովն ընդունեց հանրահավաքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունները` քայլ, որը արժանացավ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի քննադատությանը: Իշխանությունները մերժել են հավաքներ անցկացնելու ընդդիմության դիմումները, եւ Human Rights Watch-ն արձանագրել է «հանրային խաղաղ զբոսանքներից» շուրջ 90 մարդ բերման ենթարկելու փաստը», - նշում է կազմակերպությունը, եզրակացնելով. - «Human Rights Watch-ը կարծում է, որ օրենսդրական այդ փոփոխությունները չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

Ընդդիմության կողմնակիցների նկատմամբ բռնությունների թվում Human Rights Watch-ը մատնանշում է նաեւ մարզերում ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցիչների նկատմամբ պարբերական հետապնդումները եւ հարցաքննությունները, ընդդիմադիրներին պատկանող ձեռնարկությունների եւ լրատվամիջոցների նկատմամբ հարկային ճնշումները, ընդդիմադիրներին եւ նրանց ընտանիքների անդամներին աշխատանքից ազատելու փաստերը:

Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ճգնաժամի հաղթահարման նպատակով Human Rights Watch-ը, մասնավորապես, առաջարկում է` հետաքննել մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրման մասին պնդումները; ապահովել այդ հետաքննության համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին; դադարեցնել կամայական ձերբակալությունները եւ բոլոր ձերբակալվածների համար երաշխավորել ընթացակարգային բոլոր իրավունքները; քննել ձերբակալությունների ժամանակ եւ ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի մասին բոլոր պնդումները եւ ազատ արձակել ապօրինի ցույցերին ենթադրյալ մասնակցության համար կամայականորեն ձերբակալվածներին; վերացնել հավաքների լայնածավալ սահմանափակումները` չեղյալ համարելով հավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները, այդ օրենքը համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ առաջնորդվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից համատեղ արված առաջարկներով; դադարեցնել մամուլի եւ ընդդիմության կողմնակիցների հետապնդումները, այդ թվում ձերբակալությունները, պարբերական հարցաքննությունները, աշխատանքից ազատելը եւ հարկային աուդիտը որպես ճնշման քաղաքական գործիք օգտագործելը:

Իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Հայաստանի մյուս միջազգային գործընկերները պետք է հստակ ուղենիշներ առաջադրեն երկրի նոր ղեկավարությանը` «ձեռնարկելով վերոհիշյալ քայլերը որպես ապագա համագործակցության եւ օժանդակության նախապայմաններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG