Մատչելիության հղումներ

Մոսկվայում բացվում է թուրքական մշակույթի տարին


The New Anatolian պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանում այսօր մեկնարկող թուրքական մշակույթի տարին կբացվի Մոսկվայի երաժշտության տանը կայանալիք համերգով:

Համերգը կբացի անվանի դաշնակահար եւ երգահան Ֆազիլ Սոյը: Նա կկատարի 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծներից մեկի՝ Նազիմ Հիքմեթին հիշատակին նվիրած օրատորիան:

Նազիմ Հիքմեթը իր քաղաքական հայացքների համար հետապնդվել է Թուրքիայում, երկար ժամանակ անցկացրել է բանտում, ապա լքել է հայրենիքը եւ տարիներ շարունակ ապրել է առանց իր ընտանիքի: 1951 թվականին Հիքմեթը Մոսկվայում մահացել է սրտի կաթվածից: Թուրք պոետի աճյունն ամփոփված է Նովոդեւիչյե գերեզմանատանը:

Այսօրվա հանդիսավոր համերգին դաշնակահար Ֆազիլ Սոյից բացի մասնակցելու են Թուրքիայի նախագահական սիմֆունիկ նվագախումբը եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարարության պետական երգչախումբը:

Ռուսաստանում թուրքական մշակույթի տարին կավարտվի դեկտեմբերին: Այս ընթացքում մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, քննարկումներ եւ ֆիլմերի ցուցադրումներ նախատեսված են ոչ միայն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, այլեւ Սոչիում, Կազանում եւ այլ քաղաքաներում:

Անվանի կատարողների թվում են ջազային դաշնակահար Քերեմ Գորսեւը, դասական ոճի դաշնակահար Գյուլսին 0նայը: Սանկտ Պետերբուրգում նախատեսված է թուրք փոփ-աստղ Թարքանի համերգը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG