Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրեւ մարյության օրհնության օր: Այսօր՝ ապրիլի 7֊-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվելու է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:
Կանանց տոնի առթիվ «Հայացք» ակումբում հյուրընկալվել էին «Երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն ու «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Ջեմմա Հարսաթյանը:
«Տարբեր բնագավառներում կանանց առաջընթացն ակնհայտ է, սակայն սա դեռեւս գոհացնող ցուցանիշ չէ, քանի որ ղեկավար պաշտոն զբաղեցնող կանանց թիվն այսօր շատ փոքր է», - ասաց Լիլիթ Ասատրյանը եւ ավելացրեց, որ կանայք կրթում են մեր այսօրվա սերնդին, քանի որ մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում ճնշող մեծամասնություն են:
Սակայն այս իրողությունը չի բավարարում «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Ջեմմա Հարսաթյանին, քանի որ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության նախարարություններում ղեկավար պաշտոններ կանայք չեն զբաղեցնում:
Երեւանի 18 բուհերից ընդամենը մեկի ռեկտորն է կին:
«Կանայք շատ փոքր տոկոս են կազմում նաեւ քաղաքական դաշտում,
նույնիսկ մահմեդական երկրներում ակտիվ քաղաքականությամբ զբաղվող կանանց թիվն շատ ավելի մեծ է, տղամարդիկ պետք է ճանապարհ տան նրանց»,- ասաց նա:
Կանանց մտահոգող ամենակարեւոր խնդիրներից մեկը ծնելիության խթանման հարցն է: Ըստ բանախոսների՝ պետությունը պետք է հստակ ռազմավարություն մշակի ծնելիությունը խթանելու համար. ամեն ծնվող երեխայի համար որոշակի գումար պետք է տրվի, մատչելի հիպոթեկային վարկեր եւ այդ օգնություն պետք է տրամադրվի ոչ միայն կարիքավոր ընտանիքներին, այլեւ բոլորին:
Ի տարբերություն Ջեմմա Հարսաթյանի` Լիլիթ Ասատրյանը կարծում է, որ երիտասարդ ընտանիքներին ոչ թե անհրաժեշտ է պետության աջակցություն, այլ ազգային գիտակցության բարձրացում:
«Գյուղերում ավելի վատ են ապրում, բայց ավելի շատ երեխաներ են ունենում», - հավելեց նա:
Վերջում նրանք կանանց խորհուրդ տվեցին ոչ մի դեպքում ստվերում չմնալ, ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությունը համատեղել ընտանիքի հետ:
Անի Թադեւոսյան եւ Լիանա Մնացականյան
Ուղիղ հեռարձակում