Մատչելիության հղումներ

0լիմպիական ջահը մարել, ապա նորից վառել են


«Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Փարիզում, որտեղ այսօր էստաֆետայով փոխանցում են ջահը Պեկինի ամառային օլիմպիադայի կրակով, անվտանգության ծառայության պաշտոնյաները երկու անգամ ստիպված մարել են այն:

Փարիզում էստաֆետան սկսվել է Էյֆելի աշտարակից: Էստաֆետայի անվտանգությունն ապահովում է շուրջ 3 հազար ոստիկան: Երբ մարզիկը ջահով հասել է Սենա գետի ափին, եւ ոստիկանները զգացել են, որ այլեւս ի զորու չեն զսպել բողոքավորներին, նրանք մարել են կրակը եւ ջահակրին կարգադրել են նստել ուղեկցող ավտոբուսը:

Էստաֆետան շարունակվել եւ վերստին ընդհատվել է այն պահին, երբ Փարիզի ավտոթունելներից մեկում ջահը կրող մի հաշմանդամ-մարզիկի ուղղությամբ վազել են «Տիբեթ», «Ազատություն Տիբեթին», «Կորչեն չինացի կոմունիստները» կարգախոսներ վանկարկող բողոքավորներ: Նրանցից մի քանիսին իրավապահները ձերբակալել են:

Հետագայում օլիմպիական կրակով ջահը փոխադրել են ավտոբուսով, եւ ֆրանսիացի պաշտոնայները հայտնել են, որ վազքը կշարունակվի այն հատվածներում, որտեղ երաշխավորված կլինի էստաֆետայի անվտանգությունը:

Փարիզում օլիմպիական կրակով ջահակիրների էստաֆետայի երկարությունը 28 կիլոմետր է:

Նախօրեին Լոնդոնում էստաֆետան նույնպես ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որոնց մասնակիցները փորձել են հարձակվել ջահակիր մարզիկների վրա: Ակցիաների մասնակիցներն այդպես բողոք են հայտնում Տիբեթում Չինաստանի իշխանությունների իրագործած բռնությունների կապակցությամբ: Լոնդոնում էստաֆետայի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ ձերբակալվել է 35 մարդ:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ասել է, որ իրեն խիստ անհանգստացրել է այն հանգամանքը, որ օլիմպիական ջահը դարձել է ցուցարարների հարձակումների թիրախ եւ կոչ է արել «արագ խաղաղ լուծում գտնել Տիբեթում»:

Պեկինի Օլիմպիական խաղերի անցկացման կազմկոմիտեի խոսնակ Վանգ Հյուին, մինչդեռ, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, խստորեն դատապարտել է օլիմպիական ջահի էստաֆետը խաթարող «մի քանի անջատողականներին»:

«Օլիմպիական կրակը պատկանում է ամբողջ աշխարհի մարդկանց, ուստի մի քանի անջատողականների վարքագիծը չի արժանանա մարդկանց համակրանքին, այն խստորեն կքննադատվի եւ դատապարտված է ձախողման», - ասել է նա:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG