Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 5-ը ապրիլի)


«Ազգ»-ի մեկնաբանը, նկատելով, որ «մարտիմեկյան ողբերգությունից հետո Հայաստանը գտնվում է քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամի մեջ», դիտարկել է. - «Անկախ Հայաստանի գոյության 17 տարիների ընթացքում այդպես էլ մեծամասնություն չկազմեցին նրանք, ում համար հայկական պետականության գոյությունը լիներ գաղափարական հենք, որից ելնելով էլ կառուցեին իրենց մոտեցումները երկրում առկա զարգացումների նկատմամբ»: «Քաղաքական նման զարգացումների պատճառը Հայաստանում առկա հավատի, գաղափարի պակասի ու քաղաքական իրական դաշտի բացակայության հետեւանք է», - արձանագրել է մեկնաբանն ու զուգահեռել. - «1998-ի իշխանափոխության արդյունքում փաստորեն ազգային ամեն մի հարց կեղծ կատեգորիա հայտարարողներին փոխարինելու եկավ նույն այդ ազգայինի հանդեպ անտարբեր մի զանգված, որը նախկիններից ժառանգեց կոռուպցիոն համակարգ եւ կատարելագործեց այն»:

«Չորրորդ իշխանություն»-ը, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու լավագույն ելք համարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, հիմնավորել է. - «Մեծ հաշվով, սա, իհարկե, ճիշտ քայլ է։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանը ոչ միայն որեւէ կերպ չի արտացոլում Հայաստանի քաղաքական ուժերի հարաբերակցությունը, այլեւ ընդհանրապես որեւէ կապ չունի քաղաքականության հետ»։ «Խորհրդարանն այսօր պարզապես մի շենք է, որտեղ «մականունավոր» եւ «հայերեն վատ խոսող» մարդիկ են եւ ժամանակ առ ժամանակ ինչ-որ անհասկանալի կոճակներ են սեղում», - եզրափակել է թերթը։

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարծիք է հայտնել, թե «2008-ին ազատամարտիկ տղաներից ոչ մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու իրավունք չուներ, քանի որ նա որեւէ հայտարարություն չի արել, թե Արցախի հարցի վերաբերյալ իր տեսակետը փոխել է»։ «Հետեւաբար, իշխանությունը վերադարձնել ցանկացող թեկնածուն ու թիմը ոչ մի ազգային կամ գաղափարական խնդիր իրենց առջեւ չէին էլ դրել», - շեշտել է Բաբայանն ու հավելել. - «Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի օրոք որոշ մարդիկ պաշտոնաթող էին լինելու: Հենց նրանք էլ դեռ նախընտրական փուլում շանտաժի միջոցով էին փորձում իրենց տեղն ապահովել եւս հինգ տարվա համար։ Մյուսներն էլ ուղղակի միանգամից գնացին Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, քանի որ նա ամեն ինչ խոստանում էր»։

«Հայաստանում այժմ միայն ծույլերը չեն խոսում երկխոսության մասին եւ մեկ էլ նրանք, ովքեր իրապես գիտեն, տեղյակ են ու հասկանում են, թե ինչ կատարվեց Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում, ընտրության օրը եւ դրան հաջորդած տասը օրերի ու գարնան առաջին գիշերվա ընթացքում», - գրել է «Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանն ու հավելել. - «Հայաստանի ներկայիս իրավիճակի, տեղի ունեցած ամբողջ իմաստը, դրական եզրը այն էր, որ տեղի ունեցավ համահայաստանյան բացահայտում։ Այսինքն՝ հասարակությունն իմացավ, թե ով ով է այս երկրում, եւ առաջին հերթին իմացավ, թե ով է ինքը»։ «Դրանից հետո, ինքն իրեն ճանաչած հասարակության պարագայում, որեւէ մեկի մտքով չի կարող անցնել, եթե այդ մեկը վերջացած հիմար չէ կամ անուղղելի երեսպաշտ, որ հնարավոր է խաբել ինքն իրեն վերագտած հասարակությանը», - եզրակացրել է մեկնաբանը։

«168 ժամ»-ի մեկնաբանը, անդրադառնալով հացադուլին` որպես քաղաքական պայքարի ծայրահեղ միջոցի, գնահատել է. - «Եթե ամենաարդյունավետ ճանապարհը հացադուլն է, ուրեմն այդ հացադուլը պետք է անեն ամենեւին ոչ ազատազրկվածները, ովքեր երկար ժամանակ մեկուսարաններում են։ Գործելու, աջակցելու հերթն այժմ նրանցն է, ովքեր, բարեբախտաբար, ազատության մեջ են եւ ընդունում են ոչ թե բանտային շիլա կամ չեֆիր, այլ վիտամիններով հարուստ սննդամթերք։ Հացադուլը կարող է պայքարի լուրջ միջոց լինել, եթե այն հայտարարեն շարժման առաջնորդները»։ «Այդպիսով, բարոյական աջակցություն կցուցաբերվի նաեւ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածներին, նրանց կտրվի ամուր մնալու, հույսը չկորցնելու եւ հացադուլ չանելու հնարավորություն», - եզրափակել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG