Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ին տված ծավալուն հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը դիտարկել է. - «Հասարակության ներսում առկա դժգոհության պատճառները ոչ թե քաղաքական ուժերի չբավարարված ամբիցիաների մեջ են, այլ հայ մարդուն բնորոշ անհատականության զարգացման համար անհրաժեշտ պայմանների բացակայության։ Մասնակի լուծումներն այստեղ ոչինչ չեն տա»։ «Հնարավոր չէ վերականգնել Քոչարյանի իշխանության տարիների «հավասարակշռությունը» եւ այն մեթոդները, որոնք կիրառվում են այսօր՝ իշխանությունից հեռացող նախագահի կողմից, պարզապես ինքնախաբեություն են», - պնդել է Դալլաքյանն ու պատկերել. - «Երբ անդունդի վրայով քայլող մարդը մի ոտքն առաջ դնելուց հետո թեքվում է մի կողմ, նա պետք է առաջ տանի հաջորդ ոտքը՝ հավասարակշռությունը վերականգնելու համար, կամ էլ՝ գլորվի ներքեւ։ Արագորեն անդունդը «չգլորվելու» համար իշխանությունը կանգնած է երկրորդ քայլն անելու հրամայականի առաջ, քանի որ առաջին քայլն արդեն արել է ժողովուրդը, Լեւոն Տեր-Պետրոսյանին, իր իսկ բնորոշմամբ՝ սեփական դժգոհության արտահայտման «գործիքը» դարձնելու միջոցով»։ Երկրորդ քայլը, ըստ Դալլաքյանի, «համալիր քաղաքական բարեփոխումներն են» եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ներքաղաքական իրավիճակի կայունացման ուղիների վերաբերյալ «Հայոց Աշխարհ»-ի հարցին ի պատասխան ընդգծել է. - «Իշխանական կոալիցիաներ ձեւավորելով` տարբեր քաղաքական ուժեր ու անհատներ համախմբելով, հնարավոր չէ չեզոքացնել ժողովրդի դժգոհությունը։ Նույնիսկ ծայրահեղ դրսեւորումներ ունեցած անձանց ձերբակալելու միջոցով ներքաղաքական կայունություն չի հաստատվի ու առաջացած խնդիրները չեն լուծվի»։ «Անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքական առողջ ուժերը համախմբվեն եւ ձեւավորեն ազգային-ազատական գաղափարներ դավանող ընդդիմադիր դաշտ», - ասել է Բաբայանն ու հավելել. - «Այս կերպ, կարծում եմ, ծայրահեղական, արմատական ընդդիմությունը ինքնաբերաբար կդառնա լուսանցքային, քանի որ այլեւս անելիք չի ունենա»։

«Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը, պնդելով, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում վարչապետության լավագույն տարբերակը Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն է, հավելել է. - «Քոչարյանին վարչապետ կարգելու սցենարի իրականացումը ընդամենը տեխնիկայի խնդիր է։ Պետք չէ կասկածել, թե ինչպիսի ոգեւորությամբ «աշխատավորական կոլեկտիվները» եւ հերթի կանգնելու պատրաստ «մտավորականները» կգովերգեն Սերժ Սարգսյանի իմաստուն առաջարկը Քոչարյանին վարչապետ նշանակելու վերաբերյալ, ներկայացնելով դա որպես Հայաստանի բարգավաճման, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի կառուցման հարցում վերջինիս անուրանալի ավանդի գնահատական, կայունության երաշխիք եւ այլն»։ «Իհարկե, կույր ու խուլ համառությամբ մոռացության տալով շատ ու շատ բաներ», - նկատել է մեկնաբանը։

«Տարեգիր» թերթի մեկնաբանը, պնդելով, որ «Ալիեւ - Սարգսյան չկայացած առաջին պարտիայում հաղթանակը շնորհվեց ադրբեջանցուն», փոխանցել է. - «Եթե Հայաստանը ցանկանում է վերսկսել բանակցությունների նորմալ ընթացքը, ապա, որքան էլ տհաճ է, ստիպված կլինի ավելի զիջող լինել, քան նախկինում։ Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանի ցանկությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսելու ցանկությունը չէ»։ «Մի բան ակնհայտ է. կարգավորման աննպաստ ընթացքը կարող է շտկել միայն լեգիտիմության կասկած չհարուցող, ժողովրդավարական պետություն ղեկավարող նախագահը», - շեշտել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Թեկուզ մեկ նորմալ ընտրական գործընթացը Ղարաբաղին շատ ավելին կտա, քան մի քանի դիվիզիաներ միասին վերցրած»։

«Մեր տնտեսության դժբախտությունը մենաշնորհներն են։ Սրանում արդեն չեն կասկածում անգամ մանկապարտեզի երեխաները», - գրել է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն ու պարզաբանել. - «Տնտեսության մեջ տեղի ունեցող բոլոր բացասական երեւույթները հենց այդ մենաշնորհների հետեւանքներն են։ Իսկ ինքը՝ մենաշնորհը եւս ինչ-որ այլ բանի հետեւանք»։ «Հայաստանում մոնոպոլիա ունենալու մոնոպոլիան պատկանում է ընդամենը մի քանի գործարարների։ Մոնոպոլիաները ստեղծեցին հաշվենկատորեն եւ ծրագրավորված», - հավելել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG