Մատչելիության հղումներ

Լեւոն Գուլյանի մահվան գործի վարույթը կարճելու որոշման դեմ բողոքը մերժվել է


Գլխավոր դատախազությունը մերժել է Լեւոն Գուլյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների` մարտի 20-ին ներկայացրած բողոքը:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` ներկայացված բողոքն օրենքով սահմանված կարգով քննարկվել է, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանում «ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողություններն անհիմն որակվել են հանցավոր, իսկ նախաքննության մարմնինը` անգործություն, որը բողոքող կողմը դիտարկել է որպես Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային-իրավական պարտավորությունների խախտում»:

«Ծանոթանալով քրեական գործի ողջ նյութերին, այնուհանդերձ, բողոքող կողմը չի մատնանշել, թե ոստիկանության աշխատակիցների կոնկրետ որ գործողություններն են հանցակազմ պարունակում: Իսկ քրեական գործում առկա տվյալներով, ՀՀ ոստիկանության աշխատակիցների որեւէ գործողություն իր մեջ հանցակազմ չի պարունակել եւ, բնականաբար, նախաքննական մարմինն անգործություն չի դրսեւորել», - ասված է դատախազության հաղորդագրությունում: - «Շարադրվածը հիմք ընդունելով` Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գ. Պետրոսյանի 2008 թվականի մարտի 12-ի քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա. Կարախանյանի եւ Հ. Ղուկասյանի 2008 թվականի մարտի 20-ին ներկայացրած բողոքը մերժվել է` անհիմն լինելու հիմքով»:

31-ամյա Լեւոն Գուլյանը մահացել է 2007 թվականի մայիսի 12-ին` Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մասնաշենքի մոտ: Հետաքննության տվյալներով` նրա մահվան պատճառը ոստիկանության վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող սենյակի պատուհանից փախուստի դիմելու ժամանակ վայր ընկնելն է: Տուժողի հարազատները, նրանց շահերի պաշտպանները եւ իրավապաշտպանները, սակայն, պնդում են, որ մինչեւ մահը Գուլյանը ոստիկանությունում բռնությունների է ենթարկվել:

Գուլյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի վարույթը այս տարվա մարտի 12-ին կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, ինչի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել գլխավոր դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG