Մատչելիության հղումներ

Սկանդալ Տուլայում` հայ գործարարի ծրագրի պատճառով


«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, Տուլայի իշխանությունները խորհրդանշական գնով վաճառել են քաղաքի պատմական հատվածի մի մասը, որտեղ Սովետսկայա փողոցում կկառուցվի «ժամանցի համալիր»:

Թերթը նշում է, որ զինագործների քաղաքի այդ թաղամասում՝ Տիրամոր եկեղեցու եւ Տուլայի Կրեմլի մոտակայքում առեւտրի եւ զվարճության կենտրոն կառուցելու նպատակով տարածքը գնել է Տուլայի հայ համայնքի ղեկավար, «Ինդ-Գառնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆիկ Պապյանը:

Տեղացիներից շատերին վրդովեցրել է այն հանգամանքը, որ «համալիրը կառուցվելու է ոսկորների վրա», որովհետեւ նախկին վանքի տարածքում ժամանակին գերեզմանոց է եղել: Այնտեղ պետք է տեղադրվեր «Մեր քաջարի նախնիների» հուշարձանը` նվիրված Կուլիկովյան, Բորոդինյան եւ Պրոխորովյան ճակատամարտերի հերոսներին: Ապագա արձանի տարածքում 1995 թվականին տեղադրված հիմնաքարն ապամոնտաժվել է:

«Նեզավիսիմայա գազետա»-ն նշում է, որ հայ գործարարը Տուլայի կենտրոնում տարածքի մեկ քառակուսի մետրը գնել է ընդամենը հազար ռուբլով, մինչդեռ, Տուլայի անշարժ գույքի գործակալությունների մասնագետների համոզմամբ, քաղաքի գլխավոր հրապարակին հարող զբոսապուրակի մեկ քառակուսի մետրի գինն առնվազն մեկեւկես հազար դոլար է:

Ռաֆիկ Պապյանը ցանկանում է այդտեղ կառուցել առեւտրի եւ զվարճության կենտրոն, 60 համարով հյուրանոց, կինոսրահներ, գրասենյակների համալիր, ստորգետնյա կայանատեղի 130 մեքենաների համար:

Թերթը նշում է, որ հողատարածքն օտարվել է առանց մրցույթի, եւ հավելում, թե «ոչ ոք չի կասկածում, որ դա տեղի է ունեցել Տուլայի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Դուդկայի համաձայնությամբ»: Հաղորդվում է նաեւ, որ Դուդկան եւ մի շարք այլ չինովնիկներ Ամանորը նշել են «Արարատ» ռեստորանում, որը գտնվում է «Գոստինի դվոր» առեւտրային կենտրոնի համալիրում եւ պատկանում է «Ինդ-Գառնիկ» ընկերությանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG