Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում 6-րդն է


Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի ապրիլ ամսվա վարկանիշային ցուցակում 2763 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Ցուցակը գլխավորում է հնդկաստանցի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը` 2803 միավորով, որին հաջորդում են աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովը, նորվեգացի Մագնուս Կառլսենը:

Ադրբեջանցիներ Շահրիյար Մամեդյարովը եւ Թեյմուր Ռաջաբովը ցուցակում հաջորդում են Արոնյանին` զբաղեցնելով, համապատասխանաբար, 7-րդ եւ 8-րդ տեղերը:

Առաջին տասնյակը եզրափակում են ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը եւ հունգարացի Պետեր Լեկոն:

Առաջին հարյուրյակում են եւս չորս հայազգի շախմատիստներ` 25-րդ տեղում Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսեսյանն է, 49-րդում, 77-րդում եւ 92-րդում` համապատասխանաբար, հայաստանցիներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը:

Լեւոն Արոնյանը, ով վերջերս համոզիչ հաղթանակ տարավ Նիցցայում անցկացված «Ամբեր» մրցաշարում, 4 տեղով բարձրացել է ՖԻԴԵ-ի նախորդ` հունվար ամսվա վարկանիշային ցուցակի համեմատ, իսկ միավորները ավելացել են 24-ով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG