Մատչելիության հղումներ

Վանո Սիրադեղյանի եղբայրը դատապարտվել է, սակայն ազատ է արձակվել դատարանի դահլիճից


Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Սերյոժա Սիրադեղյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երեկվա դատավճռով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով եւ, Քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ, պայմանականորեն նշանակվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Սիրադեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Սերյոժա Սիրադեղյանը Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի եղբայրն է:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` նույն մեղադրանքներով դատարանի առջեւ կանգնած Յուրա Մամյանը, Ավետիք Ղռեջյանը, Ռաֆայել Ասրյանը եւս երեկ ընդհանուր իրավասության դատարանների կողմից հանցավոր են ճանաչվել:

Դատարանի դահլիճից ազատ է արձակվել Ռաֆայել Ասրյանը, ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով եւ, Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, պայմանականորեն նշանակվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Յուրա Մամյանը եւ Ավետիք Ղռեջյանը դատապարտվել են 2-ական տարվա ազատազրկման՝ համապատասխանաբար, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

Ապօրինի զենք-զինամթերքին վերաբերող Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով մեղադրվող Հուսիկ Բաղդասարյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի գործերով դատաքննությունը՝ համապատասխանաբար Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում, շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG