Մատչելիության հղումներ

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները բողոքում են


Երկուշաբթի օրը վարձը չմուծած ուսանողների անցաքարտերը, որոնցով նրանք մտնում են համալսարան, արգելափակվել են: «Կան ուսանողներ, որոնք շատ լավ են սովորում, պարզապես հնարավորություն չունեն ուսման վարձը շուտ մուծելու», - ասում էին ուսանողները:

Համալսարանի զարգացման գծով պրոռեկտոր Մկրտիչ Ավագյանը բացատրեց, որ ուսանողները ըստ իրենց կնքած պայմանագրերի պարտավոր են վարձերը մուծել մեկ ամսվա ընթացքում, հակառակ դեպքում բուհը վարձը չմուծած ուսանողներին կարող է հեռացնել համալսարանից:

Ուսանողները, իրենց հերթին, պնդում էին, որ օրենքի մասին տեղյակ են ու նաեւ հիշում են, որ այդ նույն օրենքը նախորդ տարիներին չի կիրառվել, իրենց տրվել են վարձերը մարելու ավելի երկար ժամկետներ, ու մուտքի անցաքարտերն էլ երբեք չեն ապաակտիվացվել:

«Մենք` կրեդիտային համակարգում սովորող ուսանողներս, իրավունք ունենք ցանկացած դասախոսի դասախոսություններին մասնակցել, բայց այդ իրավունքից մենք զրկված ենք: Այս համալսարանում կիրառվում են միայն այն օրենքները, որոնցով կարելի է ճնշել ուսանողներին», - ասաց երրորդ կուրսի ուսանողուհի Արմինեն:

Որոշ ուսանողներ էլ կարծում էին, որ իրենցից վարձերը ցանկանում են շուտ հավաքել, որովհետեւ, իրենց կարծիքով, պետությունն ու իրենց համալսարանը որոշ ֆինանսական խնդիրներ ունեն. բյուջեում ճեղքվածք կա, այդ պատճառով էլ վարձերը մարտին են հավաքում:

Ըստ համալսարանի պրոռեկտորի՝ նման կարծիք ունեցող ուսանողները բուհական ինքնավարության մասին շատ քիչ բան գիտեն, որովհետեւ բուհը ինքն է տնօրինում ուսման վարձերը: «Եթե ինչ-որ մեկի բյուջեն դատարկ է, դա մեր բյուջեի հետ ոչ մի կապ չունի: Ծիծաղելի է մտածել, որ Բրյուսովի անվան համալսարանը իր 4 հազար ուսանողներով լցնում է պետական բյուջեն», - ասաց Մկրտիչ Ավագյանը:

Ուսանողները նաեւ այսպիսի փաստարկ էին բերում. եթե համալսարանը ուշացնում է գերազանցիկ ուսանողների կրթաթոշակը, ինչո՞ւ են իրենց վարձերը պահանջում ժամանակին: Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները դեռ չեն ստացել իրենց փետրվար ամսվա կրթաթոշակները:

Պրոռեկտոր Գաբրիել Բալայանը բացատրեց, որ ուսանողները կրթաթոշակ ստանում են պետությունից. համալսարանը այդ ուշացման հետ ոչ մի կապ չունի:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG