Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյան. «Կոալիցիան չունի վստահության այն ռեսուրսը, որի մասին հայտարարվում է»


Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ իշխանությունները կոալիցիա կազմելով եւ տարբեր քաղաքական ուժերին կամ գործիչներին պաշտոններ առաջարկելով երկրում ստեղծված իրավիճակը չեն փոխում: Դա, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց պատգամավորը, ընդամենը խնդրի կոսմետիկ լուծում է, մինչդեռ երկրում քաղաքական բարեփոխումներ են անհրաժեշտ:

«Եթե որեւէ կուսակցության ղեկավար, օրինակ, ստացել է 4 հազար ձայն, եւ այդ կուսակցության ղեկավարին դուք առաջարկում եք նախարարի պաշտոն, ներքաղաքական լարվածությունը բոլորովին չի մեղմանում: Չի կարելի պարզ թվաբանական գործողություններ կատարել` «այսօր մենք ունենք այսքան տոկոս գումարած այսքան տոկոս, եւ ունենք մենք 70 տոկոս վստահություն»: Իհարկե չունեք 70-տոկոսանոց վստահություն, որովհետեւ այդ 70 տոկոսի մեծ մասը ընտրել է, ձայն է տվել ձեզ, քանի որ դուք քննադատել եք գործող իշխանություններին», - հայտարարեց Դալլաքյանը:

Անկախ պատգամավորը շեշտեց, որ ընտրություններում Արթուր Բաղդասարյանին եւ Վահան Հովհաննիսյանին ձայն են տվել նրանց ընդդիմադիր կեցվածքի համար, եւ «եթե Հովհաննիսյանը կամ Բաղդասարյանը ընդդիմադիր ձայներ ստանալով այսօր անդամակցել են կոալիցիային, ապա դա բացարձակապես չի նշանակում, որ այդ ընդդիմադիր էլեկտորատը համաձայն է քաղաքական կոալիցիայի հարցադրումների հետ»:

«Բոլորի համար ակնհայտ է, որ այսօր կոալիցիան չունի այն վստահության 75 կամ 80 տոկոսանոց ռեսուրսը ազգաբնակչության մոտ, որի մասին հայտարարվում է», - ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Պատգամավորը ներքաղաքական լարվածությունը մեղմացնելու համար հետեւյալ քայլերն է առաջարկում` մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, քայլեր իրականացնել «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները բացելու ուղղությամբ, ներում շնորհել այն մարդկանց, ովքեր չեն մասնակցել բռնարարքներին, բայց այսօր գտնվում են անազատության մեջ, Հանրային հեռուստաընկերության միջոցով եթեր տրամադրել ընդդիմադիրներին, ինչպես նաեւ նախապատրաստվել եւ մեկ տարի հետո անցկացնել Ազգային ժողովի նոր ընտրություններ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG