Մատչելիության հղումներ

Կարասին. «Ռուսաստանը անտարբեր չէ Հայաստանի ներքաղաքական զարգացումների նկատմամբ»


«Հայաստանի պետական ղեկավարության հետ իմ հանդիպումների ժամանակ առանձին քննարկման առարկա դարձան Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները», - հինգշաբթի օրը հայաստանյան հանդիպումների ավարտին հրավիրած ասուլիսում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: - «Ռուսաստանը ամենեւին էլ անտարբեր չէ մեր բարեկամ Հայաստանում ներքաղաքական զարգացումների նկատմամբ: Մենք ելնում ենք նրանից, որ երկխոսությունը եւ իրավական դաշտը քաղաքական հարցերի կարգավորման միակ հնարավորությունն է»:

«Անկարգությունները, քաոսը փողոցներում վտանգավոր են ցանկացած երկրի համար, եւ համոզված եմ, մարտի 1-2-ի իրադարձությունները Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեցին, որքան վտանգավոր կարող է լինել այն ուղին, որը ոչ մի խնդիր չի լուծում, փոխարենը առաջ կբերի անկայունություն, ապագայի նկատմամբ անվստահություն եւ չի նպաստի բնակչության մոտ իրենց ընտանիքների, երեխաների ու թոռների ապագայի նկատմամբ վստահության աճին», - հավելեց Կարասինը:

Ռուսաստանի փոխարտգործնախարարի մոտ տպավորություն է ստեղծվել, թե նախագահ Քոչարյանը եւ վարչապետ Սարգսյանը լավ հասկանում եւ վերահսկում են այս իրավիճակը. - «Նրանք ապագայի հետ կապված որոշակի ծրագրեր ունեն. թե ինչպես կարելի է կառուցողական ընդդիմությանը բերել իրավական դաշտ եւ երկխոսություն ծավալել: Հուսով եմ, արդյունքում այս միտումը կգերակայի, եւ հայ հասարակությունը կրկին ձեռք կբերի կայունություն ու կանխատեսելիություն: Ռուսաստանը շահագրգիռ է եւ պատրաստ է դրան ամեն կերպ աջակցել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչու չի հանդիպել Հայաստանի ընդդիմության, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, Ռուսաստանի փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Մեզ լիովին բավարարեց Հայաստանի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի կողմից տրամադրված տեղեկատվությունը: Բնականաբար, նաեւ տեղեկատվություն ունենք, թե ինչ են մտածում ընդդիմության ճամբարում: Այստեղ ունենք դեսպանություն, բարեկամներ ունենք Հայաստանի քաղաքական եւ հասարակական անխտիր բոլոր ոլորտներում: Այդ պատճառով, կարող եք չկասկածել, տիրապետում ենք տարբեր տրամաչափի տեղեկատվության»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` Գրիգորի Կարասինը հատուկ շեշտեց, թե Ռուսաստանը ակնկալում է, որ դրանով պետք է շարունակի զբաղվել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, ինչը, ըստ նրա, համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի ու միջազգային հանրության շահերին:

«Կարգավորման շնորհիվ արդեն իսկ հանդարտ մթնոլորտ է ձեւավորվել, կողմերը սովորել են հարցերը քննարկել խաղաղ, կառուցողական եղանակով եւ դա պետք է բարձր գնահատել», - կարծում է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը: - «Ձեւաչափի ցանկացած փոփոխություն կբերի անվստահության մթնոլորտի եւ ինչ-որ նորի ակնկալիքի: Կարծում եմ, նման զգայուն եւ նրբանկատ գործընթացներում, ինչպիսին [ղարաբաղյան] հակարմարտության կարգավորումն է, դա հազիվ թե տեղին է»:

«Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե արդյոք կարող է Բուխարեստում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպումը հանդիպումից հետո բանակցությունները փակուղի մտնեն, Ռուսաստանի փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Ուզում եմ լավատես լինել: Քաղաքականության մեջ «եթե»-ներով խոսելն անիմաստ է: Պետք է ձգտել իրական արդյունքի: Համոզված եմ, որ համապատասխան ներուժ ունեն ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի ղեկավարությունները»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG