Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը բավարարեց Հարկային տեսչության հայցը ընդդեմ «ՉԱՊ» ընկերության


Վարչական դատարանի Գյումրիի նստավայրում երեկ տեղի ունեցած դատական նիստում բավարարվեց Գյումրիի հարկային տեսչության հայցը ընդդեմ «ՉԱՊ» ընկերության, որի կազմի մեջ է մտնում ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:

«Գյումրիի հարկային տեսչության հայցն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի 25 միլիոն 212 հազար 700 դրամ պահանջի մասին բավարարել մասնակի», - ասված է դատարանի որոշման մեջ: - «ՉԱՊ» ՍՊԸ-ից բռնագանձել 25 միլիոն 116 հազար 700 դրամ»:

Վճիռը կարող է եռամսյա ժամկետում բողոքարկվել վճռաբեկության կարգով:

2007 թվականի նոյեմբերին (այն բանից հետո, երբ հեռուստաընկերություն ամբողջությամբ հեռարձակեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը) 6 օր տեւած հարկային ստուգումների արդյունքում կազմվեց ակտ, ըստ որի ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ընկերությունը պետական բյուջե պետք է լրացուցիչ մուտքագրեր 25 միլիոն 665 հազար 100 դրամ:

Դեկտեմբերին Գյումրիի հարկային վարչության պետ Մարտին Զիլֆիմյանը դիմել էր դատարան` պահանջելով բռնագանձել 25 միլիոն 212 հազար 700 դրամ, քանի որ ընկերությունը մոտ 450 հազար դրամ հավելավճար էր մուծել:

Երեկ առավոտյան Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը, քանի որ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը ակնկալում էին նման վճիռ:

Դրամահավաքին մասնակցել են ամենատարբեր տարիքի մարդիկ ոչ միայն Գյումրիից, այլեւ մյուս մարզերից, Երեւանից:

«Արտասահմանից շատ զանգեր ունենք: Մի քանի հեռախոսազանգ եմ ստացել Լոս Անջելեսից. մարդիկ երբեւիցե չեն տեսել ԳԱԼԱ-ն, բայց հայտնում են իրենց աջակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը: - «Պարտավորվում ենք բոլորին հետ վերադարձնել այս գումարները, որովհետեւ, ես կարծում եմ, որ Եվրոդատարանով մենք հետ ենք բերելու այս գումարը»:

Վահան Խաչատրյանը այդ դրամական նվիրատվությունները ձեւակերպում է որպես պարտք:

Ժամը 23-ի դրությամբ հանգանակվել էր մոտ 8 միլիոն 75 հազար դրամ, ինչը պահանջվող գումարի 32 տոկոսից ավելին է: Արտերկրից արված փոխանցումների մասին ամփոփ տեղեկություններ այդ ժամի դրությամբ դեռեւս չկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG