Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը արտակարգ դրության վերացման եւ անկախ հետաքննության կոչ է անում


«Արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի Հայաստանում, եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի՝ պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երեւանում մարտի 1-ին ոստիկանության եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ առճակատման ընթացքում», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան կատարած եռօրյա այցից հետո։

Նշելով, որ «այսպիսի հետաքննության իրականացումը Հայաստանում դյուրին չի լինի ներկա բեւեռացված միջավայրում», Համմարբերգը հավելել է. - «Միջազգային համայնքը պատրաստակամություն է հայտնել մասնակցություն կամ այլ օժանդակություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը՝ փորձառությանը, արհեստավարժությանը եւ արժանահավատությանը նպաստելու նպատակով»։

«Ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել։ Սակայն, ձերբակալություններ եւ հետապնդումներ չպետք է իրականացվեն մարդկանց նկատմամբ զուտ ցույցերին մասնակցելու կամ կառավարության դեմ ուղղված կարծիքներ արտահայտելու համար։ Հանձնակատարը նաեւ կոչ է անում ազատ արձակել ձերբակալված 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին այս կապակցությամբ», - ասված է Եվրախորհրդի մամուլի բաժնի` երեկ տարածած հաղորդագրությունում:

Թոմաս Համմարբերգը շեշտել է ձերբակալվածների նկատմամբ ցանկացած անպատշաճ վերաբերմունքի դրսեւորում կանխելու անհրաժեշտությունը։

«Մարտի 1-ին հաջորդել են դեպքեր, երբ ձերբակալվածներն իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու կամ փաստաբան ունենալու հետ կապված դժվարություններ են ունեցել։ Բացի այդ, նրանց ձերբակալման գրանցումը որոշ դեպքերում չի իրականացվել ներպետական օրենսդրությանը համապատասխան», - ասված է հաղորդագրությունում: - «Հանձնակատարը նաեւ տեղեկացրել է ձերբակալությունների եւ մի քանի դեպքերում ոստիկանության բաժանմունք տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ»։

Մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է չեղյալ հայտարարել լրատվամիջոցների եւ խոսքի ազատության նկատմամբ առկա բոլոր սահմանափակումները` շեշտելով. - «Գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսներին եւ անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար։ Այն փաստը, որ որոշ կառավարամետ լրատվամիջոցներ հակված էին պախարակել ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չի նպաստել կառուցողական մթնոլոտին»։

Թոմաս Համմարբերգը ողջունել է ցուցարարների եւ անցորդների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողությունների ի պաշտոնե հետաքննություն իրականացնելու` Հայաստանի գլխավոր դատախազի որոշումը, ինչպես նաեւ երկրի նախագահի հայտարարությունը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն եւ չեղյալ կհայտարարվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG