Մատչելիության հղումներ

Փաստաբանների պնդմամբ` կալանավորվածներին հիմնականում ծեծել են բերման ենթարկելիս


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը տարածել է 12 կալանավորված ակտիվիստների մի ցուցակ, որտեղ նշվում է, որ նրանք ծեծի ու խոշտանգումների են ենթարկվել: Կալանավորվածների փաստաբանները հաստատեցին դա` նշելով, որ հիմնականում իրենց պաշտպանյալներին ծեծել են բերման ենթարկելիս:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով պաշտպանում է քրեակատարողական վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի, Կենտրոն համայնքի թաղապետի նախկին տեղակալ Դավիթ Առաքելյանի եւ ՀՀՇ-ի գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի շահերը, ասում է, որ նրանք բոլորն են ծեծվել են մարտի 1-ին կա'մ բերման ենթարկվելու ընթացքում, կա'մ ոստիկանության բաժնում:

«Դավիթ Առաքելյանի վիճակը շատ վատ էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սեդա Սաֆարյանը: - «Ամբողջ դեմքը այլանդակված էր, սեւացած, ուռած աչքի տակը: Շատ վատ վիճակում էր: Մուշեղ Սաղաթելյանը եւս ծեծված էր. շատ դժվարությամբ էր կանգնում կամ քայլում»:

Փաստաբանի խոսքով` հիմնականում ծեծի են ենթարկել փողոցում. - «Միայն Մուշեղ Սաղաթելյանն է ինձ հայտնել, որ իրեն ծեծել են նաեւ Կենտրոնի ոստիկանությունում»:

«Վարդգես Հայոցյանի գլխին այդ հարվածներից առաջացել էին բավականին վնասվածքներ… Իհարկե տեսանելի է նրանց ծեծված լինելու հանգամանքը», - հավելեց Սեդա Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է քննչական մեկուսարաններում նրանց վիճակին, ապա փաստաբանն ասաց, որ մարտի 13-ից մի շարք սահմանափակումներ են իրականացվել իր պաշտպանյալների նկատմամբ` «հաղորդակցվելու, տեսակցելու հետ կապված»:

ՀՀՇ-ի Լոռու մարզի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի, նույն կառույցի ակտիվիստներ Դավիթ Համբարձումյանի եւ Համլետ Աբրահամյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես փաստեց, որ բերման ենթարկելու ժամանակ իր պաշտպանյալները ծեծի են ենթարկվել. - «Մասնավորապես Համլետ Աբրահամյանի մարմնի վրա բազմաթիվ հետքեր կային: Նա ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, բայց` ավելի ուշ, մարտի 12-ին է նա տարվել բժշկի»:

Ինեսա Պետրոսյանը հավելեց, թե իր մյուս պաշտպանյալները նույնպես ունեին մարմնական վնասվածքներ, բայց նրանց նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն չի իրականացվել. - «Նրանց ծեծել են ամսի 1-ի առավոտյան: Իրենց, երբ նստեցրել են մեքենա, այդ ժամանակ են ծեծել, ոստիկանության բաժին տանելիս»:

Հարցին, թե պաշտպանվում են արդյոք իր պաշտպանյալների իրավունքները քննչական մեկուսարաններում, Պետրոսյանը արձագանքեց. - «Քննչական մեկուսարաններում ուժ եւ այլն չի կիրառվել իրենց նկատմամբ»:

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում 100-ից ավելի մարդ կալանավորված է, եւ նրանք պահվում են տարբեր քննչական մեկուսարաններում: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Քրեակատարողական համակարգի աշխատողների համար տարբերություն չկա` կալանավորված կամ դատապարտված անձը ինչ բնույթի հանցագործություն է կատարել… Բոլորը գտնվում են նորմալ պայմաններում: Առանձնակի, առավել եւս բացասական վերաբերմունք ոչ մի կալանավորի նկատմամբ չունենք: Եվ ոչ մեկը նման ցուցում չի տալիս մեզ: Մենք առաջնորդվում ենք կանոնակարգով, օրենքներով, նորմատիվ ակտերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG