Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդլայնեց զանգվածային միջոցառումները արգելելու հնարավորությունները


Հայաստանի Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին օրենսդրական փոփոխությունները, որոնք ընդլայնում են զանգվածային միջոցառումները՝ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը արգելելու հնարավորությունները: Օրինագծին կողմ քվեարկեց 90, դեմ` 6 պատգամավոր:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի մի լրամշակման համաձայն՝ «զանգվածային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են արգելվել, եթե ըստ հավաստի տվյալների՝ դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հանրային կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը»: Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված նախագծում, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի առաջարկությամբ, այստեղ ավելացվեցին նաեւ անկարգությունների եւ հանցագործությունների հանգեցնելու դեպքերը:

Օրինագիծը պարզաբանում է, որ «այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն»:

Օրենքի մեկ այլ փոփոխությամբ ամրագրված է. - «Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի առաջարկության հիման վրա` օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրը, նախնական տարբերակով նախատեսված 10-րդ օրվա փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG