Մատչելիության հղումներ

Առաջարկվող փոփոխություններում հանրահավաքների արգելման հիմքերը մասնավորեցված են


Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի քննարկմանն են ներկայացվել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալու արգելել զանգվածային միջոցառումները՝ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում առաջարկվող մի լրամշակման համաձայն՝ «զանգվածային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են արգելվել, եթե ըստ հավաստի տվյալների՝ դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հանրային կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը»:

Օրինագիծը պարզաբանում է, որ «այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն»:

Օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել. - «Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը»:

Այս դրույթները խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10֊-րդ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG