Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը Հայաստանում մնում է անբավարար»


Մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը Հայաստանում 2007 թվականին եղել է անբավարար: Նման եզրակացություն է պարունակում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքներին վերաբերող ամենամյա զեկույցը:

Ըստ այդ փաստաթղթի՝ անցած տարվա գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին, բայց անցկացվել են թերություններով: Միաժամանակ, զեկույցում նշված է, որ քաղաքացիները ի վիճակի չեն եղել ազատորեն փոխելու իշխանություններին:

Ականատեսների վկայությամբ՝ իրավապահները երբեմն ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, իսկ ձերբակալությունները որոշ դեպքերում ինքնակամ բնույթի են եղել:

Մասնավորապես, հիշատակվում է մայիսի 12-ին ոստիկանության բաժնում Լեւոն Գուլյանի մահվան դեպքը, որը, իրավապահների պնդմամբ, պատուհանից փախչելու նրա փորձի հետեւանք է, սակայն Գուլյանի հարազատները եւ իրավապաշտպանները պնդում են, որ այն տեղի է ունեցել բռնության հետեւանքով:

Զեկույցում նաեւ նշվում է, որ իշխանությունները սահմանափակումներ են մտցրել մարդկանց մասնավոր կյանքի ոլորտում, խղճի, մամուլի ազատության եւ հավաքվելու իրավունքի բնագավառում:

Փաստաթղթում թվարկված են, մասնավորապես, ընդդիմադիր «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի խմբագիրներ Նիկոլ Փաշինյանի եւ Շողեր Մաթեւոսյանի դեմ հոկտեմբերի 23-ի երթից հետո մեղադրանքներ առաջադրելու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի հեռարձակումից հետո Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ սկսված հետապնդումների, դեկտեմբերի 13-ին «Չորրորդ իշխանության» խմբագրատան դռան պայթեցման եւ այլ փաստեր: Նշված է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները Հանրային ռադիոյի եթերից հանելու փաստը, որի հետեւանքով «Ազատություն» ռադիոկայանի լսարանը կրճատվեց:

Նշվում է, որ թեեւ տպագիր մամուլում արտահայտվում է տեսակետների բազմազանություն, դրանցից ոչ մեկը լիովին անկախ չէ տնտեսական կամ քաղաքական շահեր ունեցող խմբերի կամ անհատների հովանավորությունից:

Հայաստանում կան 14 ռադիո- եւ 42 հեռուստաալիքներ, որոնց մեծամասնությունը մասնավոր սեփականություն է: Թեեւ մասնավոր ռադիո- եւ հեռուստակայանների լուրերի թողարկումների տեխնիկական որակը բարվոք է, այդուհանդերձ, դրանց բովանդակության որակը տարբերվում է: Կայանների մեծ մասը պատկանում է կա'մ իշխանամետ քաղաքական գործիչների, կա'մ գործարարների` գործոն, որը լրագրողներին դրդում է ինքնագրաքննության: Հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը արտահայտում է իշխանամետ տեսակետներ, իսկ «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը շարունակում է մնալ առանց հեռարձակման հաճախականության:

Հիշատակված են նաեւ 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին` անցյալ տարվա վերջին ԹԻՄ հետազոտական կենտրոնի անցկացված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց` նախագահության երկու հավակնորդների` Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսաբանումը եղել է խիստ կողմնակալ. հիմանակում դրական կամ չեզոք է ներկայացվել վարչապետը, բացասական` նախկին նախագահը:

Նշվում է նաեւ, որ թեեւ երկրում պաշտոնապես քաղբանտարկյալներ չկան, այնուհանդերձ, իրավապաշտպանները պնդում են, որ քաղաքական պատճառներով են ազատազրկվել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը եւ ղեկավար անդամ Վարդան Մալխասյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը:

Արդար դատավարության իրավունքի պաշտպանությանը վերաբերող բաժնում հիշատակված է, մասնավորապես, «Ռոյալ Արմենիա» ընկերության գործով դատական գործընթացը, երբ ընկերության երկու ղեկավարները ազատ արձակվեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` Պարգեւ Օհանյանի նախագահության կայացրած վճռով, սակայն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը նրանց դատապարտեց ազատազրկման, իսկ Օհանյանի դատավորական լիազորությունները դադարեցվեցին երկրի նախագահի հրամանագրով` Արդարադատության խորհրդի միջնորդության հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG