Մատչելիության հղումներ

Բուլղարիան պատրաստ է բնական գազ գնել Ադրբեջանից


Բաքու այցելած Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը երեկ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանից տարեկան գնել մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Պրվանովն ասել է, որ Բաքվում քննարկել է Եվրամիության նախաձեռնած Nabucco գազատար խողովակաշարի ծրագրին Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը եւ ադրբեջանական կողմին փոխանցել է, որ «Բուլղարիան պատրաստ է նավթի ու գազի արդյունահանման բնագավառում համագործակցել Ադրբեջանի հետ»:

«Ադրբեջանը եւ Բուլղարիան առաջնահերթ դեր են կատարում էներգետիկ անվտանգության կայացման խնդրում», - Պրվանովի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Պրվանովը հայտնել է, որ Ալիեւի հետ քննարկել է կասպյան չմշակված նավթը Բուրգաս - Ալեքսանդրոպուլոս խողովակաշարով փոխադրելու հնարավորությունը: Այդ խողովակաշարի ծրագրի բաժնեթղթերի 51 տոկոսը պատկանում է Ռուսաստանին:

Բուրգաս - Ալեքսանդրոպուլոս խողովակաշարի երկարությունը 280 կիլոմետր է, դրա միջոցով նավթը Ռուսաստանից փոխադրվելու է Բուլղարիա, որտեղից էլ կհասցվի Հունաստան:

Եվրամիության նախաձեռնած Nabucco ծրագրով 3300-կիլոմետրանոց խողովակաշարով բնական գազը Եվրոպա է փոխադրվելու Մերձավոր Արեւելքից եւ Կենտրոնական Ասիայից: Գազամուղը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2013 թվականին, շրջանցելու է Ռուսաստանի տարածքը եւ նպատակ ունի մեղմել էներգակիրների մատակարարման հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG