Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտել է ընդդիմության նկատմամբ Հայաստանի կառավարության գործադրած բռնությունները


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան դա որակել է որպես «դատապարտելի» եւ ասել, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»:

Մեթյու Բրայզան նաեւ մտահոգություն է հայտնել անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Նա հորդորել է վերացնել արտակարգ դրությունը եւ իշխանություններին կոչ է արել վերջ տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Բրայզան Երեւանում հանդիպել է Տեր-Պետրոսյանին, ընտրություններում հաղթող ճանաչված վարչապետ Սերժ Սարգսյանին եւ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հայաստանի իշխանությունները 20 օրով արտակարգ դրություն հայտարարեցին մարտի 1-ին, երբ բախումներ սկսվեցին ոստիկանների եւ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարող ընդդիմադիր ցուցարարների միջեւ: Պաշտոնական տվյալներով, այդ բախումների հետեւանքով զոհվել է 8 մարդ, կան մի քանի տասնյակ վիրավորներ:

«Ասոշիեյթեդ փրես»-ը հայտնում է նաեւ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմության ներկայացրած բողոքարկումները եւ անփոփոխ է թողել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին հաղթող ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG