Մատչելիության հղումներ

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները երկխոսության կոչ են անում


ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը անցած շաբաթավերջին հայտարարությամբ են հանդես եկել մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

«Որպես Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ` մենք խորապես վշտացած ենք մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած անկարգություններով եւ մեր անկեղծ կարեկցանքն ենք հայտնում այդ միջադեպերից բոլոր տուժածներին», - ասել են կոնգրեսականները: - «Կոչ ենք անում բոլոր կողմերին գտնել այս ճգնաժամի խաղաղ լուծումը` հանուն կայուն ու ժողովրդավարական Հայաստանի: Ոչինչ չի կարող արդարացնել այնպիսի անօրինական գործողություններ, ինչպիսին են բռնությունը, կողոպուտը եւ ավերումները»:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը նաեւ արտակարգ դրությունը վերացնելու կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին:

«Այս դժվարին պահին օրենքի գերակայության ու իրավական մարմինների անկախության ապահովումը, ինչպես նաեւ իրադարձությունների ճշգրիտ լուսաբանումը մամուլում անչափ կարեւոր են` հասարակական կարգ ու կանոնը վերահաստատելու համար», - հայտարարում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները եւ ամփոփում. - «Մենք համոզված ենք, որ քաղաքական երկխոսության մեջ ներգրավումն ու ազգն առաջ ուղղորդելու պատասխանատվության ցուցադրումը լավագույն ուղին են բոլոր շահագրգիռ կողմերի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG