Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների հետեւանքով Երեւանին հասցվել է շուրջ 222 հազար դոլարի վնաս


Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հավաստմամբ` մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին, գույքին, ընդհանուր օգտագործման տարածքներին, ինչպես նաեւ Կենտրոն թաղային համայնքի վարչական տարածքին պատճառված վնասի չափը կազմում է 68 միլիոն 959 հազար դրամ:

Այսօր արդեն, ըստ Կամո Արեյանի, հիմնականում վերացված են Երեւանի քաղաքապետարանի շենքին պատճառված վնասների հետեւանքները:

«Մասնավոր ներդրողների կողմից ամբողջովին վերականգնված են քաղաքապետարանի մերձակա տարածքներում կապիտալ շինարարության, հրապարակների եւ շենքերի սահմանափակող ցանկապատերը, ժամանակավոր մայթերը եւ դրանց լուսավորությունը», - ասաց փոխքաղաքապետը:

Վնասված պետական գույքի վերականգնման ֆինանսավորման հիմնական մասն իրականացվելու է Երեւանի համաքաղաքային ծախսերի հաշվին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք վնասի չափերը ճշգրտված են եւ այլեւս փոփոխության ենթակա չեն, Կամո Արեյանը պատասխանեց. - «Ճշգրտված հաշվարկներ են: Չի բացառվում, որ փոքր լրացուցիչ աշխատանքների կարիք առաջանա, բայց հիմնականում ակտավորված, չափագրման արդյունք են այս գնահատականները: Փոքր տատանում կարող է լինել, բայց հիմնական ֆինանսական գնահատականը սա է»:

Իսկ թե չի՞ պատրաստվում արդյոք քաղաքապետարանը դիմել դատախազություն` պետական գույքին հասցված վնասի փոհատուցման համար, այդ կապակցությամբ փոխքաղաքապետը նշեց. - «Իրավական հարցի իրավական հետագա ընթացքի խնդիրը այլ ռեժիմի, այլ` իրավական կառույցների խնդիրն է, իրավապահ կառույցների խնդիրն է: Վնասի չափի գնահատումը եւ վերականգնումը առայժմ անհետաձգելի խնդիրն է, հետագայում` ինչպես կընթանա գործընթացը, ըստ այդմ էլ կթելադրի օրենսդրությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG