Մատչելիության հղումներ

Արտգործնախարարության նախկին պաշտոնյաները ուղերձ են հղել միջազգային հանրությանը


Հայաստանի արտգործնախարարության պաշտոնանկ արված աշխատակիցներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏO-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի նախկին ղեկավար Կարինե Աֆրիկյանը եւ Եվրոպայի վարչության նախկին խորհրդական Առաքել Սեմիրջյանը ուղերձով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ-ի նախագահին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենին, ԵԱՀԿ-ի դեսպաններին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին եւ Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան առաքելություններին:

Ուղերձը ստորագրած նախկին պաշտոնյաները ցավակցություն են հայտնել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների ընտանիքներին: Միաժամանակ, նրանք վրդովմունք են հայտնել այդ արյունալի իրադարձությունների առիթով, պնդելով, որ «դրանցից կհաջողվեր խուսափել այն դեպքում, եթե իշխանությունները չդիմեին բռնության»:

Ուղերձը ստորագրած ԱԳՆ-ի նախկին պաշտոնյաները շնորհակալություն են հայտնում ժողովրդավարական բոլոր հաստատություններին, որոնք արագ արձագանքել են երեւանյան իրադարձություններին:

«Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացում գտնել զինված ուժերի գործադրման եւ քաղաքական ձերբակալությունների համար եւ ընդդիմությանը մեղադրում են իշխանությունը զավթելու փորձի մեջ, այս զարգացումների իրական դրդապատճառ են հանդիսացել նախագահական ընտրությունների անցկացումն ու արդյունքները, որոնք, ըստ BBC-ի հաղորդագրության, «լիովին համապատասխանում էին խորհրդային հին ստանդարտներին՝ ձայները գնվել են, ընտրողներին ահաբեկել են, հեռուստատեսության լուսաբանումը հավասարակշռված չի եղել», - ասված է ուղերձում:

«Մենք համոզված ենք, որ միայն ժողովրդավարական եւ արդար ճանապարհով ընտրված նախագահը կարող է ներքին խաղաղություն եւ կայունություն ապահովել Հայաստանում եւ վերականգնել երկրի խաթարված հեղինակությունը», - գրում են նախկին դիվանագետները:

ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ակնկալում են միջազգային կառույցների աջակցությունը.
«Փակ լրատվամիջոցների պայմաններում, ոչ ազատ դաշտի պայմաններում Հայաստանում հնարավոր չէ իրականացնել նորմալ հետաքննություն եւ պարզել,իրականում ինչ է տեղի ունեցել: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել կատարվածին եւ համապատասխան կառույցների միջոցով հետաքննություն անցկացնել այդ իրադարձությունների առիթով»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը, հավելելով, թե` հավատացած է, որ միջազգային կառույցներն «ականջալուր կլինեն իրենց կոչին» :


«Դրա վկայությունն այն է, որ իրադարձություններին հետեւել են տարբեր կազմակերպությունների բազմաթիվ արձագանքներ: Եվ գրեթե բոլոր արձագանքներում արտահայտված է անհանգստություն իրադարձությունների ընթացքով, բռնի ուժի կիրառման փաստերով»,- ասաց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետը:

Վլադիմիր Կարապետյանը նաեւ նշեց,-«Կարծում եմ, որ նրանք, նաեւ այն կազմակերպությունները, որոնց անդամ է նաեւ Հայաստանը, պարտավոր են մինչեւ վերջ հետամուտ լինել, որպեսզի այս ողբերգական իրադարձությունները ստանան արդարացի գնահատական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG