Մատչելիության հղումներ

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հետագա առճակատումներից


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ հայտարարությամբ են հանդես են եկել մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած բախումների առնչությամբ: Նրանք ափսոսանք են հայտնել այդ դեպքերի հետեւանքով մարդկանց զոհվելու փաստի կապակցությամբ եւ կողմերին կոչ են արել «շփման գծի երկայնքով վերականգնել փոխադարձ վստահությունը եւ ձեռնպահ մնալ հետագա առճակատումներից, բռնության ծավալումից եւ ռազմատենչ հռետորաբանությունից»:

«Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը ներկայումս տարածաշրջանում են, որտեղ երեք միջնորդների անունից հանդիպել են երկու կողմերի հետ` ճգնաժամը հարթելու նպատակով: Այսօրվա դրությամբ հրադադարը վերականգնված է, եւ իրավիճակը շփման գծում հանգիստ է», - արձանագրում են համանախագահները եւ «երկու կողմերին կոչ են անում խստորեն հետեւել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմը ամրապնդելու մասին 1995 թվականի փետրվարի 4-ի համաձայնագրի դրույթներին»:

«Համանախագահները վերստին շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ռազմական գործողությունների վերսկսումը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը եւ աղետալի հետեւանքներ կունենա ներգրավված բոլոր կողմերի համար: Վերջին դեպքերի հետեւանքով վիրավորների եւ զոհերի առկայությունը միայն ընդգծում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակվող բանակցությունների ճանապարհով խաղաղ համաձայնության հասնելու հրատապ անհրաժեշտությունը երկու կողմերի համար», - ասված է հայտարարությունում:

Համանախագահները «Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում կրկնապատկել ջանքերը` հավանություն տալու հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար Սկզբունքներին, որոնք կողմերին ներկայացվել են 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում անցկացված ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպման ընթացքում, եւ հնարավորինս շուտ սկսել այդ հիմքի վրա խաղաղ համաձայնագիր մշակելու գործընթացը»:

«Համանախագահները վերահաստատում են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, եւ որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բանակցությունների առարկա է», - ասված է հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG