Մատչելիության հղումներ

Եվրամիության ներկայացուցիչը անցանկալի է համարում Հայաստանում ընդունված սահմանափակումները


Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Թորոսյանի խոսքերով, մարտի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, որ նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձան, ընտրական գործընթացների շրջանակում չեն տեղավորվում: Նա կողմնակից է, որ լինի անաչառ եւ համարժեք վերաբերմունք այդ իրադարձություններին, բայց համաձայն չէ հնչած գնահատականներին, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունները ուժ են գործադրել: Խաղաղ ցուցարարները, ըստ Ազգային ժողովի նախագահի, բարիկադներ չեն կառուցում ու զենք չեն կիրառում, մետաղյա ձողեր ու «Մոլոտովյան» ռումբեր չեն օգտագործում:

Տիգրան Թորոսյանը կարեւորել է երկխոսության ու համագործակցության առարկայի որոշարկումը` նշելով, որ քրեական հանցագործների տեղը դատարանն է, որի որոշումից հետո նրանք պիտի իրենց պատիժը կրեն, եւ նրանց հետ երկխոսության առարկա չկա:

Ազգային ժողովի նախագահը նաեւ իր անհամաձայնությունն է հայտնել իրադարձություններից մի քանի ժամ հետո հնչած գնահատականներին` համարելով դրանք անզգույշ, որ, թերեւս, նաեւ հետեւանք էին լիարժեք տեղեկատվության ուշացման:

Փիթեր Սեմնեբին նշել է, որ վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եղել եւ մնում են Եվրամիության ուշադրության կենտրոնում, որովհետեւ Եվրամիության համար Հայաստանն առավել մեծ նշանակության գործընկեր է դարձել: Նա հավաստել է, որ Եվրամիությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ այս վիճակից երկիրը դուրս բերելու գործում:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեմնեբին անցանկալի է համարել ընդունված սահմանափակումները` գտնելով, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է ներգրավվեն իրավիճակի լուծումների մեջ, հնարավորինս արագ վերացվի արտակարգ իրավիճակը, վերականգնվի զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեության հնարավորությունը, մարտի 1-ի դրությամբ ձերբակալվածներն ազատ արձակվեն:

Նա գոհունակություն է հայտնել, որ վարչապետ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ընդդիմության հետ համագործակցության նախաձեռնություն է ցուցաբերել, եւ նշել է այդ համագործակցության ընդլայնման կարեւորությունը:

Սեմնեբիի կարծիքով` իրադարձությունների պատճառներն ու հետեւանքները ամբողջությամբ վերհանելու եւ հետագա զարգացումները կանխելու նպատակով պետք է ստեղծվի հետաքննող խումբ:

Տիգրան Թորոսյանը նշել է, թե հարգել եւ հարգում է ընդդիմության, այդ թվում արմատական, քաղաքական հայացքները, բայց չի կարծում, որ ավտոմեքենաներ այրելը քաղաքական դիրքորոշման արտահայտման ձեւ է: Անդրադառնալով Սեմնեբիի առաջարկին` Ազգային ժողովի նախագահը կարեւորել է այդ խմբի գործունեության նպատակի ճշտումը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Ազգային ժողովի չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելուն. Փիթեր Սեմնեբին, նշելով, որ մանրամասներին տեղյակ չէ, այդ քայլը շատ լուրջ եւ կարեւոր է որակել` խնդրելով պատճառները բացատրել:

Տիգրան Թորոսյանն ասել է, Ազգային ժողովը դատավոր չէ եւ չի կարող որոշել որեւէ մեկի հանցավոր լինել կամ չլինելը, սակայն չէր կարող լիակատար հնարավորություն չստեղծել լիարժեք քննության համար: Նշված պատգամավորներից երկուսը այժմ փախուստի մեջ են, եւ որեւէ մեկը չէր կարող երաշխավորել, որ մյուս երկուսն էլ այդ քայլին չեն դիմի:

Թորոսյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակից ամեն ինչ կպարզվի, եւ եթե պատգամավորները որեւէ քրեական հանցանք չեն գործել, նրանք ազատ կարձակվեն:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG