Մատչելիության հղումներ

Ջոն Պրեսկոտը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ


Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ Ջոն Պրեսկոտն անդրադարձել է Հայաստանի հետընտրական շրջանի իրադարձություններին: Նա նշել է, որ պետք է ճանաչել Սահմանադրական դատարանի իրավունքները եւ լիազորությունները` անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը ընտրությունների վերաբերյալ:

ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը կարեւորել է արտակարգ դրության վերացումը եւ նշել, որ կառավարության խնդիրն է արտակարգ դրության լինել թե չլինելը, սակայն երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Պրեսկոտը ընդգծել է, որ Եվրախորհուրդը մտահոգություններ ունի` կապված մարդու իրավունքների խնդիրների հետ, որոնք դրված են Հայաստանի եւ Եվրախորհրդի միջեւ համաձայնությունների հիմքում:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ, Արթուր Բաղդասարյանը ասել է, որ լինելով հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը` մինչ քարոզարշավի մեկնարկը հանդես է եկել կառուցողական երկխոսությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն քարոզարշավի մեկնարկից հետո այդ երկխոսությունը բարդանում էր: Նա առաջարկել է Տեր-Պետրոսյանին ստորագրել համագործակցության փաստաթուղթ, սակայն մերժում է ստացել: Առաջին նախագահը, ըստ նրա, իրեն առաջարկել է միավորվել կամ դուրս գալ քաղաքականությունից:

Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների մասին` Բաղդասարյանը նշել է, թե իշխանությունները մտադրություն չեն ունեցել ցուցարարների նկատմամբ որեւէ գործողություններ իրականացնել. իշխանությունները պատրաստ էին սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը, սակայն իմանալով զենքի կուտակման մասին` որոշում է կայացվել ստուգում անցկացնել: Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ իրավական խնդիրները պետք է լուծվեն իրավական դաշտում եւ չպետք է քաղաքականացվեն:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ վարչապետի առաջարկով ներգրավվելով կոալիցիայի մեջ եւ ստանձնելով լուրջ պատասխանատվություն` իրենք գնալու են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով:

Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Ջոն Պրեսկոտը կարեւորել է երկխոսությունը եւ հանդուրժողականությունը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է իրադարձությունները մանրամասն քննել, պարզել իրականությունը եւ բոլոր հարցերի պատասխանը տալ:

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ այժմ քննարկել ընտրությունների անցկացումը, խախտումների չափը անիմաստ է: Ճիշտ է, որ եղել են ընտրախախտումներ, բայց Դաշնակցությունը անիմաստ է համարում քննարկման առարկա դարձնել դրանց չափը եւ չի պատրաստվում վիճարկել ընտրությունների արդյունքները, քանի որ ընտրական համակարգը Հայաստանում շատ թերություններ ունի եւ որեւէ քաղաքական ուժի իրական վերահսկողության հնարավորություն չի ընձեռում: Նա նշել է, որ դեռ փետրվարի 28-ին ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել հանդուրժողականության եւ համագործակցության եւ առաջարկել լարվածության թուլացմանն ուղղված քայլեր: Երեւանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը Վահան Հովհաննիսյանը համարել է այդ պահի համար անհրաժեշտ քայլ, բայց այժմ, նրա կարծիքով, հարկավոր է հրամանագրի որոշ դրույթներ մեղմացնել, մասնավորապես, լրատվամիջոցների ազատությանն առնչվող դրույթը: Դաշնակցությունը ստեղծված հետընտրական իրադրությունից դուրս գալու համար պահանջում է անաչառ ու ամբողջական քննության ենթարկել կատարվածը եւ պատժել բոլոր մեղավորներին: Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` առաջնահերթը երկրի անվտանգությունն է, կայունության ապահովումը, որը հնարավորություն կտա վերադառնալ ժողովրդավարության հաստատմանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի եւ Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Ջոն Պրեսկոտը անդրադարձել է նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպմանը եւ նշել, որ նրա տեղեկացմամբ, այդ շրջանում արդեն ստեղծվել էր լուրջ իրավիճակ` կապված խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հետ: Ներկայացնելով հետընտրական իրավիճակի վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները` Պրեսկոտն անհրաժեշտ է համարել երկխոսության ծավալումը եւ հավաստիացրել, որ դրա համար եվրոպական միջազգային կառույցները կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները:

ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների կրճատումը, բաց եւ հրապարակային քննության անցկացումը, ինչը եւս կնպաստի հասարակության վստահության բարձրացմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է հետընտրական զարգացումներին եւ կարեւորել տարբեր մակարդակներում երկակի ստանդարտների կիրառման բացառումը: Նա ներկայացրել է նախընտրական եւ հետընտրական իրադարձությունները եւ նկատել, որ ներկայումս Սահմանադրական դատարանում ընթացող դատաքննությունը կատարվում է արտակարգ դրության պայմաններում, ինչը չի կարող օրինական համարվել եւ հասարակության մեջ կխորացնի դատական համակարգի նկատմամբ անվստահությունը:

«Ժառանգության» ղեկավարը կարծիք է հայտնել, թե քիչ բան է արվում երկխոսություն ծավալելու համար. մասնավորապես, տրվում է միակողմանի տեղեկատվություն, ձերբակալվում են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պրեսկոտի այցը կնպաստի երկխոսության ծավալմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG