Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան


Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրության հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խմբակցության դիմումը պատրաստվում է եւ առաջիկա օրերին կուղարկվի Ստրասբուրգ:

«Կարող ենք այսպես հիմնավորել, որ մեր ներպետական մեխանիզմները արդյունավետ չեն, եւ այս ճանապարհով ավելի արդյունավետ պայքար կլինի այս հրամանագրի դեմ, քան այն ժամանակ, եթե մենք ինչ-որ մի նախագիծ ներկայացնեինք [Ազգային ժողով]: Միեւնույն է, այդ նախագիծը Ազգային ժողովում չէր անցնելու», - լրագրողներին այսօր ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ պատգամավորի, ոչ միայն Հանրապետության նախագահի հրամանագիրն է անօրինական, այլեւ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրավապահ մարմինների իրականացրած «զննությունը»:

«Քրեական դատավարության մեջ զննություն, խուզարկություն եւ այլն դատավարական գործողություններ են, որոնք տեղի են ունենում որոշման հիման վրա, եւ որոշումը նախապես այդտեղ գտնվող անձանց պետք է իրազեկեին, տեղյակ պահեին», - պարզաբանեց Փոստանջյանը: - «Կարծում եմ, եթե տվյալ պահին այդ գործընթացները ղեկավարվում էին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, գոնե իրեն, գոնե հրապարակավ, գոնե բարձրախոսի միջոցով պետք է ասվեր, որ պատրաստվում է իրականացվել նման գործընթաց, ինչը այդ պահին տեղի չի ունեցել»:

«Ոստիկանության աշխատակիցները, առանց որեւիցե արձանագրություն կազմելու, առանց ընթերակաների, առանց համապատասխան ձեռնոցների եւ այլն, ձեռք են տալիս այդտեղ գտնվող զենք, զինամթերքին», - շարունակեց պատգամավորը: - «Լրագրողներին արգելել են Ազատություն հրապարակում նկարահանումներ կատարել: Հարձակումներ են եղել լրագրողների վրա»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը եւս ներկա էր ասուլիսին, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերում Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արմեն Հարությունյանին տված գնահատականին, Ալավերդյանը պատասխանեց. - «Շատ բնորոշ է բնութագիրը տրվող անձին, եւ բնորոշ չէ երկրի նախագահին: Ամենակոշտ վերաբերմունքը, որ կա այլ երկրներում, որ նախագահը կարող է արտահայտի իր անհամաձայնությունը Մարդու իրավունքների պաշտպանի որեւէ գնահատականի հետ»:

Ալավերդյանը հավելեց, թե տարբերությունն այն է, թե «որ ռակուրսի մեջ է ով ինչ տեսնում». - «Այդտեղ [իրադարձությունների վայրում] մարդը, որ հայտնվել է, նա մի տեսակետ պետք է ունենա, իսկ երկրի նախագահը, որը գտնվում էր իր նստավայրում, պետք է որ, ըստ երեւույթին, ունենար այդ ոչ համաչափ եւ աննախադեպ բնութագիրը մարդու իրավունքների պաշտպանի հանդեպ»:

Նախագահ Քոչարյանը Արմեն Հարությունյանի մասին այս շաբաթ ավելի վաղ ասել էր. - «Իմ տպավորությամբ` մարդու իրավունքների պաշտպանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, եւ շատ բաներ, ինչի մասին նա գրեց, վկայում են, որ նա չի հասկանում` ինչի մասին է խոսում: Իմ տպավորությամբ` իմ կադրային առաջարկների մեջ այդ առաջարկը թերեւս ամենաանհաջողն է»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG