Մատչելիության հղումներ

Ջոն Պրեսկոտը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում


Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, ով ժամանել է հետընտրական փաստահավաք առաքելությամբ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Թորոսյանը Պրեսկոտին է ներկայացրել իր նկատառումները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նրա գնահատմամբ` կատարվածը բացարձակապես ձեռնտու չէր իշխանությանը, որի թեկնածուն 53 տոկոս ձայներ էր ստացել, 130-ից ավելի ընտրատեղամասերում ընտրություններից հետո կատարված վերահաշվարկի արդյունքում միայն երկու տեղամասերում էին ձայների էական տարբերություններ արձանագրվել, այդ տեղամասերի հանձնաժողովների նախագահների նկատմամբ դատական գործ է հարուցված: Այնուհետեւ երկու թեկնածուներ դիմեցին Սահմանադրական դատարան, որը 10 օրվա ընթացքում պետք է վճիռ կայացներ:

Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, թե կատարվածն ընտրությունների հետ կապ չունեցող իրադարձություններ էին, այլ ատելության, վրեժի դրսեւորումներ, որ դժբախտաբար մարդկային զոհերի հանգեցրին, եւ որի մեղավորը նա համարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը անկախ իր քաղաքական հայացքներից` պարտավոր էր հանդարտեցնել իր կողմնակիցներին:

Տիգրան Թորոսյանը իր համաձայնությունն է հայտնել ԵԽԽՎ-ի նախագահի հայտարարությանը, ըստ որի` «ընտրությունների հետ կապված տարաձայնությունները պետք է լուծվեն Սահմանադրական դատարանում, այլ ոչ թե փողոցային բախումներով»:

Միաժամանակ, Ազգային ժողովի նախագահը անհամաձայնություն է արտահայտել երկխոսություն եւ ձերբակալվածների ազատ արձակում պահանջող հայտարարություններին: Նրա գնահատականով` նման հայտարարությունների հեղինակները ուղղակի վատ տեղեկացված են, որովհետեւ ձերբակալված են քրեական հանցագործություններ կատարողները, որոնք պետք է պատժվեն: Երկխոսությունն անհրաժեշտ է, բայց ոչ թե ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ինչը Սահմանադրական դատարանի խնդիրն է, այլ երկրի հետագա ընթացքի, բարեփոխումների վերաբերյալ` բոլոր քաղաքական ուժերի հետ, ասել է Թորոսյանը:

Ջոն Պրեսկոտը նշել է, որ իր դերն է օժանդակել դժվարին իրավիճակում հայտնված` Եվրախորհրդի անդամ երկրին եւ առավելագույն ժողովրդավարական մասնակցություն ապահովել երկրի քաղաքական կյանքում: Եթե զանգվածային ցույցերով իրավիճակը ապակայունացնելու վտանգ կա, յուրաքանչյուր կառավարություն կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու համար: Բայց յուրաքանչյուր իրավիճակում կան տարբեր մեկնաբանություններ` թե ինչ է տեղի ունեցել, որի վերաբերյալ վերջնական եզրակացությունը պետք է դատարանները տան: Եվրախորհրդի նպատակն է արդար գնահատական տալ ընտրությունների ընթացքին. այդպիսի գնահատական տրվել է քվեարկությունից անմիջապես հետո, նշելով, որ վերջնական գնահատականը կտրվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Նրա խոսքով` ժողովրդավարական կառույցների ստեղծման առումով Հայաստանում կա լուրջ առաջընթաց, բայց կա նաեւ վստահության պակաս այդ կառույցների գործունեության նկատմամբ:

Պրեսկոտը ասել է, որ իր հաշվետվության մեջ նպատակ ունի նշել դրական քայլեր, որոնք կարող են նպաստել Եվրախորհրդի անդամ պետությանը ստեղծված վիճակից դուրս գալու համար, եւ որպեսզի երկխոսության ոչ մի կողմ իրեն պարտված չզգա եւ քայլեր արվեն դեպի համաձայնություն: Միայն Սահմանադրական դատարանը պետք է որոշի` արդար են եղել ընտրությունները, թե ոչ:

Տիգրան Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել վստահության եւ հանդուրժողականության խորացմանն ուղղված քայլերը եւ նշել, որ ԵԽԽՎ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ իրավիճակի շտկման համար:

Ջոն Պրեսկոտին ընդունել է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Պրեսկոտը նշել է, որ իր արտահերթ այցի նպատակն է ուսումնասիրել իրավիճակը Հայաստանում` կապված արտակարգ դրություն հայտարարելու հետ, եւ հաշվետվություն ներկայացնել ԵԽԽՎ-ի նախագահին եւ գլխավոր քարտուղարին:

Կողմերի համոզմամբ` Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի լուծման միակ ճանապարհը վստահության մթնոլորտի ստեղծումն է եւ քաղաքական երկխոսությունը:

Ջոն Պրեսկոտի խոսքով` իրենց նպատակն է ոչ թե մեղադրանքներ ներկայացնել կողմերին, այլ օգնել եւ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG