Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ամեն մեկը պետք է ստանա այն պատիժը, որին արժանի է»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսում համոզմունք է հայտնել, որ անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչները պետք է պատժվեն:

«Ամեն մեկը պետք է ստանա այն պատիժը, որը վաստակել է իր գործունեությամբ, որին ինքն արժանի է: Եվ առաջին հերթին, իհարկե, պետք է պատժվեն կազմակերպիչները, որոնք իրենց գործունեությամբ հասցրել են այն վիճակին, երբ հանրահավաքն այլեւս չէր կառավարվում եւ վերածվել էր ամբոխի: Երբեք պատմության մեջ ոչ մեկին չի հաջողվել ամբոխը կառավարել: Եվ երբ դու հավաքում ես մարդկանց, պետք է պատասխանատվություն կրես այդ մարդկանց համար եւ հետեւանքների համար», - ասել է նախագահը:

«Հատուկ վերաբերմունք պետք է լինի նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր զենք եւ պայթուցիկ նյութեր են օգտագործել: Մոտավորապես գիտենք, թե որ շրջանակներում պետք է նրանց փնտրել: Եվ պետք է ասեմ, որ ե'ւ կազմակերպիչները, ե'ւ այդ շերտի մարդիկ այսօր ուղղակի փախչում են արդարադատությունից, իրավապահ մարմիններից: Երեկ հնչեց ոստիկանության հայտարարությունը, որ եթե մարդիկ մասնակցել են անկարգություններին եւ իրենք կամավոր գան եւ ներկայանան, ապա իրենց նկատմամբ կլինի շատ ավելի մեղմ վերաբերմունք: Դա կօգնի նաեւ ավելի արագ վերականգնել ամբողջ պատկերը», - փաստել է Ռոբերտ Քոչարյանը:

«Լուրջ վնասվեց երկրի վարկանիշը: Ուղղակի հետադարձ հայացքով գնահատեք, թե ինչպիսին էր Հայաստանը մեկ ամիս առաջ: Բոլորն ասում էին՝ տարածաշրջանի ամենից կայուն եւ արագ զարգացող երկիր: Մեկ ակնթարթում ի՞նչ մենք ունեցանք: Անկեղծ ասեմ, երբ ես նայում եմ այդ տեսանյութերը, ամոթի զգացում ունեմ: Չեմ հավատում, որ մեզ մոտ սա հնարավոր էր», - նշել է նախագահը:

«Մենք բոլորս պետք է համարձակություն ունենանք շատ սթափ գնահատել այն ամենը, ինչ պատահել է, եւ իհարկե, միասին պետք է աշխատենք` վերականգնելու համար ե'ւ երկրի վարկանիշը, ե'ւ մեր ժողովրդի նկատմամբ աշխարհում ձեւավորված վերաբերմունքը», - եզրափակել է Հայաստանի ղեկավարը:

Այն հարցին, թե «ի՞նչ պայմանների դեպքում եւ ի՞նչ գործոններ կարող են նպաստել արտակարգ դրությունը երկարաձգելուն կամ ժամկետից շուտ հանելուն», նախագահը արձագանքել է. - «Հայտարարված է` 20 օրով: Այսօր ես չեմ տեսնում այդ ժամկետը ոչ երկարացնելու, ոչ էլ կարճացնելու անհրաժեշտություն: Առաջին հերթին պետք է փորձենք կազմակերպիչների վայրը եւ ցանկը ճշտել: Խնդիրը հետեւյալն է` մինչեւ արտակարգ դրության հանելը պետք է վստահ լինենք, որ այս կարգի անօրինականություններ չեն կրկնվի: Այսօր այդ վստահությունը լիարժեք չկա: Քանի որ դրսում են այն մարդիկ, ովքեր կիրառել են զենք, պայթուցիկ նյութեր: Եթե այդ հարցի պատասխանը մենք հստակ չունենանք, իհարկե, մենք իրավունք չունենք հանել, հետո ավելի ծանր հետեւանքներ ունենալ»:

Նա կարծիք է հայտնել, որ իշխանությունները չպետք է արտոնեն որեւէ հանրահավաք, «մինչեւ այս վիճակն ամբողջությամբ չհանդարտվի». - «Այս անգամ չենք սպասելու երկու օր, երեք օր, հինգ օր, հենց առաջին օրը արձագանքը կլինի կտրուկ, որպեսզի հանկարծ նույն վիճակում չհայտնվենք: Եվ, ընդհանրապես, այս դասը քաղելով` մենք պետք է հանրահավաքների համար օրենքում մտցնենք որոշակի սահմանափակումներ: Ոչ թե հանրահավաք կազմակերպելու համար, այլ այդ հոգեբանական վիճակը չստեղծելու համար, ուղղակի արգելել, որ նույն քաղաքական ուժը կամ միեւնույն թեկնածուն մի շաբաթ շարունակ միեւնույն տեղում հավաք կազմակերպի: Ուղղակի պետք է արգելել: Պետք է ասել, որ Օպերայում շաբաթը երկու անգամից ավել չի կարելի հավաք կազմակերպել: Չի կարելի, որ ամեն օր մեկն Օպերան սեփականաշնորի, այն բոլորին է պատկանում: Այն մեր ժողովրդի, մեր մայրաքաղաքի բնակիչների հանգստի վայրն է»:

Ինչ վերաբերում է երկխոսության հնարավորությանը, ապա, Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, «այն, ինչ կատարվեց, արդեն գտնվում է քրեական օրենսդրության իրավասության դաշտում եւ այսօր ավելի ճիշտ կլինի դիտարկել կատարվածը հենց իրավական շրջանակում». - «Ընդդիմության այս մասի հետ երկխոսության մեր առաջարկը մերժվել է հենց իրենց կողմից: Հանրահավաքներում մեկ անգամ չէ, որ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե իր բնակարանը Ազատության հրապարակն է, որտեղից իրեն պետք է ձեռքերի վրա տեղափոխեն Նախագահի նստավայր: Նման հայտարարություններն ուղղակի խափանում են բնականոն երկխոսության ճանապարհները: Բացի այդ, Հայաստանի նորընտիր, բայց դեռ պաշտոնը չստանձնած նախագահի կողմից միանգամից հայտարարություն արվեց երկխոսության պատրաստակամության մասին, այդ հայտարարությունը սահմանափակված չէր որեւէ հատուկ անուններով: Գործնականում բոլորը արձագանքեցին, բացի Տեր- Պետրոսյանից: ... Հնարավոր է, նրանք չէին ցանկանում երկխոսություն, որպեսզի պահպանեին ընտրազանգվածի մարտունակությունը եւ տրամադրվածությունը, որը մենք տեսանք մարտի 1-ի եւ 2-ի գիշերը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդման առնչությամբ, որ մարտի 1-ին իրեն հնարավորություն չի տրվել միանալ հանրահավաքի մասնակիցներին, Ռոբերտ Քոչարյանը ասել է. - «Առաջին` ի՞նչ է նշանակում հնարավորություն չեմ ունեցել: Ո՞վ էր խանգարում: Հանգիստ կարող էր գնալ: Ոչ մեկն իրեն չէին խանգարում: Խնդիրը հետեւյալի մեջ էր. իր թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել է, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր` առանց թիկնազորի գնալ: Եթե նա վախ ուներ սեփական անվտանգության վերաբերյալ, ապա պետք է նաեւ մտահոգություն ունենար հավաքված զանգվածի անվտանգության հարցերում: Եվ այդ տղամարդկությունը պետք է ունենար, եթե իսկապես մտահոգություն ուներ, ուղղակի պետք է գնար, մասնակցեր այդ հանրահավաքին: Նպատակները ուրիշ էին: Իրականում, երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսյանի միջոցով նա ինձ փոխանցել է, որ ինքը կցանկանա գնալ եւ հանգստացնել ժողովրդին: Ասել ենք` այո, միայն կողջունենք, գնացեք եւ հանգստացրեք: Ասաց` չէ, ես պայմաններ ունեմ: Պայմանները հետեւյալն էին. ինքը գնում է եւ այդ մարդկանց առաջնորդում է Թատերական հրապարակ, շարունակում է հանրահավաքը, որից հետո եւս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը: Բայց, երբ այդ առաջարկն իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղաքապետարանի դիմաց դուրս էր հսկողությունից` ամբոխը զինված էր փայտերով, երկաթյա ձողերով, արդեն մոտ 30 հրկիզված մեքենա կար եւ բարիկադներ էին կառուցում, կային ծեծված ոստիկաններ: Դուք պատկերացնում եք, եթե թույլ տայինք, այդ ամբոխը Մաշտոցի պողոտայով հասներ մինչեւ Օպերա, ինչ էր կատարվելու, ինչ կլիներ մեր մայրաքաղաքի վիճակը: Իրեն ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք, տեղում հանգստացրեք, կամ տարեք «Դինամո» մարզադաշտի հրապարակ: Նա մերժեց: Սա է եղել այդ պատմությունը: Ինձ համար շատ զարմանալի է, թե մարդը ոնց է կարողացել տանը նստել այդ ամբողջ գիշերը: Ավելի անհասկանալի կլիներ, եթե այդ գործողությունների ժամանակ պետական թիկնազորով գնար այնտեղ եւ ոստիկանության հետ հրահրված բախումներին զինված սպաները եւս մասնակից լինեին մյուս կողմից: Ուղղակի անբարոյական է, ծառայող մարդուն, ուսադիրներ կրողին դնել այդպիսի հիմար վիճակում: Եվ ասեմ, արդեն մեկ շաբաթ է, ինչ նա չի ստորագրում, որ ինքը ընդհանրապես հրաժարվում է թիկնազորից»:

Նախագահը հաստատեց, որ մարտի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցանկություն է հայտնել հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել. - «Վեհափառ հայրապետը ինձ զանգահարեց, երբ իրադարձություններն արդեն վտանգավոր փուլում էին, եւ ասաց, որ նա շատ մտահոգված է, ցանկություն ունի հանդիպելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ հարցրեց իմ կարծիքը: Ես ասացի, որ մենք կողջունենք այդ քայլը, թեեւ թերահավատորեն ենք վերաբերում, որ դա կարող է բերել որեւէ արդյունքի: Բայց հանդիպման գաղափարը կողջունենք, նույնիսկ եթե կա մի քանի տոկոս հավանականություն, որ ինչ-որ բան կստացվի: Հետո պարզվեց, որ Վեհափառը գնացել է, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել նրան: Ինձ համար սա ապշելու հանգամանք էր, քանի որ չէի պատկերացնում, որ աշխարհի որեւէ կետում, որեւէ հայ կարող է դռան շեմից Վեհափառին ետ ուղարկել: Տպավորությունն այնպիսին էր, որ նրան թվում էր, որ ինքն այդ պահին ձիու վրա է, որ իրավիճակը այնպես է զարգանում, որ իշխանությունները խուճապի մեջ են: Հավանական է, որ մտածել է, թե ես եմ խնդրել Վեհափառին, բայց ես չեմ խնդրել, դա նրա նախաձեռնությունն էր, եւ Վեհափառի այդ ցանկությունն ընկալվել է որպես իշխանությունների խուճապի մատնվածության նշան, եւ այդ պարագայում, իհարկե, հանդիպումը երեւի համարեց, որ իրեն ձեռնտու չէ: Թեեւ իրավիճակը այդպիսին չէր, քանի որ մենք լրացուցիչ ուժեր էինք բերում եւ ժամանակի հարց էր կարգ ու կանոն հաստատելը: Վեհափառի հետ չհանդիպելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը կորցրեց այս իրավիճակից` սեփական երեսը փրկելով դուրս գալու հնարավորություն»:

Գնահատելով Արեւմուտքին Լեւոն Տեր-Պետրոսյանի, մասնավորապես, Washington Post թերթում հրապարակած հոդվածի միջոցով ուղղած կոչը` մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատու համարել ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանություններին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ուղղակի պատասխանատվություն կրի ե'ւ ժողովրդի առջեւ, ե'ւ իրավապահների առջեւ, այլ ոչ թե Washington Post թերթի միջոցով, դրսից մեզ վրա տղա բերելու մեթոդով փորձի հարցեր լուծել: Եվ եթե ներում լինի, ապա պետք է ների սեփական ժողովուրդը»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG