Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Հասարակության մեջ լուրջ հիվանդություն կա եւ այն պետք է խոհեմությամբ բուժեն իշխանությունները»


Հ3Դ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին:

«Ցավոք սրտի, տեղի ունեցավ այն, ինչի մասին ես զգուշացնում էի ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, որովհետեւ ես տեսնում էի, որ երկու իշխանությունները՝ հին ու նոր, իրար մեղադրելու, իրար նկատմամբ խորը հակադրության մեջ լինելու քաղաքականությունը չեն սահմանափակում ինչ-որ գաղափարական բանավեճով: Քաղաքական բանավեճ, որին հրավիրում էինք, չտեսանք: Տեսանք հայհոյանքներ, տեսանք ատելության հրահրում», - ասաց Հովհաննիսյանը:

Նախագահի նախկին թեկնածուի խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը «ուղղակի վարպետորեն կարողացավ ժողովրդի դժգոհությունն օգտագործել եւ այն վերածել ատելության եւ անհանդուրժողականության». - Բայց իշխանությունը, իր հերթին, ամեն ինչ արել էր, որպեսզի դա նրան հեշտ հաջողվի, որովհետեւ ի վերջո պետք էր հասցնել սեփական ժողովուրդը այնպիսի դժգոհության, որ նա գնար ատելի Տեր-Պետրոսյանի հետեւից»:

«Ոչ ոք զի զղջում, որ կա երկրում ակնհայտ զարգացում, եւ կյանքը շատ ավելի լավն է, քան Տեր-Պետրոսյանի ժամանակ: Բայց ուրեմն կա մի բան, որը ժողովրդի ջղայնությունն ու ատելությունն է առաջացնում, որը այդ այլանդակ ձեւով դուրս պրծավ այս վերջին օրերի իրադարձությունների մեջ», - շարունակեց Վահան Հովհաննիսյանը: - «Այս ամենը կհանդարտվի, կանցնի, մարդիկ ավելի սթափ կմտածեն եւ նույնիսկ տաք գլուխները կհանգստանան: Բայց եթե իշխանությունը համարի, որ հաղթեց այս պայքարի մեջ եւ հետեւություններ չանի, նշանակում է, որ մեր հասարակությունը նորից մի գեղեցիկ օր կանգնելու է նման իրավիճակի առջեւ»:

Հովհաննիսյանի կարծիքով, իշխանությունը պետք է անի հետեւյալ հետեւեւթյունները. - «Դա այն է, ինչ որ ես առաջարկում էի օրեր առաջ. հրավիրել բանակցությունների Տեր-Պետրոսյանի կողմը, կամ Տեր-Պետրոսյանն ինքը դիմեր, եւ այդ բանակցությունների օրակարգը լիներ այն, ինչ ես առաջարկում էի»:

«Երեք խումբ հարցեր այլեւս պետք է կոնսենսուսով լուծվեն, որովհետեւ ժողովուրդը վստահություն չունի որեւէ իշխանության նկատմամբ, որովհետեւ այդ իշխանությունը ձեւավորող մեխանիզների նկատմամբ վստահություն չունի: Եվ արդարորեն չունի», - բացատրեց նախագահի նախկին թեկնածուն: - «Ընտրական համակարգը Հայաստանում այնքան խորը ճգնաժամի մեջ է, այնքան հիվանդ է, որ հիմա էլ նոր ընտրություն լինի՝ բան չի փոխվի: Հասարակությունը այնուամենանիվ՝ թեեւ ուշացումով, զոհերից, ծեծ ու ջարդից, բարոյական հիասթափությունից ու հուսալքումից հետո, միեւնույն է այդ քայլին պետք է գնա»:

Նրա համոզմամբ, մի շարք վերահսկվող պաշտոններ պետք է ընդդիմության հետ կոնսենսուսով նշանավեն. - «Մի շարք պաշտոններ, որոնք կապված են լրատվամիջոցների գործունեությունը կարգավորելու հետ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ղեկավարությունը պետք է նույնպես ընդդիմության կոնսենսուսով որոշվի, որպեսզի մարդկանց բերանը փակելու փորձեր չլինեն:
Հենց փորձում ես փակել բերանը, նա այն բացում է փողոցում: Սկզբում այդ, այսպես ասած, «բացած բերանի» շուրջ հավաքվում են գաղափարական մարդիկ, դժգոհ մարդիկ, մարդիկ, ովքեր ունեն ինչ-որ քաղաքական գծին հետեւելու պատրաստակամություն: Բայց կամաց-կամաց, երբ երկարում է այդ պրոցեսը, ըմբոստությունը ելք չի գտնում քաղաքակիրթ ճանապարհով, եւ այստեղ արդեն սկսում է հավաքվել խուժանը, որը այլեւս որեւէ մեկին չենթարկվելով, սկսեց խանութներ ջարդել Երեւանում եւ ավտոմեքենաներ վառել»:

«Սա նշանակում է, որ հասարակության մեջ շատ լուրջ հիվանդություն կա, եւ այն պետք է խոհեմությամբ բուժեն իշխանությունները: Չկարծեն հանկարծ, որ հարցերը լուծվեցին սրանով, նոր հարցեր առաջացան, եւ այդ հարցերը մենք պետք է լուծենք միասին», - աաց նա:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին` Հովհաննիսյանը ասաց. - «Ես պետք է ի միջի այլոց ասեմ, որ երեք առաջատար թեկնածուները բոլորն էլ իրենց նպատակին հասան: Երբ որոշում ես քո առջեւ դրած նպատակին հասնել ամեն գնով, ահա այդպես է լինում: Ամեն գնով, ընտրություններում խախտումներով եւ այլնով մեկը դարձավ նախագահ: Ինչպես եւ իմ կուսակցությունը, ես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը վիճարկելու իմաստ չեմ տեսնում: Որովհետեւ իրականության մեջ ոչ ոք ճշմարտությունն այլեւս չի կարող իմանալ, բայց ես ընդունում եմ, որ մենք ունեցանք նախագահ: Բայց քանի որ խնդիր էր դրվել ամեն գնով եւ ընդ որում հենց առաջին փուլում՝ ահա արդյունքը... Լեոն Տեր-Պետրոսյանը դրել էր ամեն գնով հաջողելու, ամեն գնով ապակայունացնելու եւ ամեն գնով ընտրությունները ապականելու նպատակը, որ իր 1996 թիվը, իր խայտառակությունը ստվեր գցի նաեւ ուրիշների վրա: Նա էլ հաջողեց, նա էլ իր ծրագիրը իրականացրեց. հասարակության մեջ ճեղքվածք մտցրեց եւ ղարաբաղցիների նկատմամբ ինչ-որ անգիտակից տարրերի մոտ անվսոտահություն եւ ատելություն սերմանեց: Եվ իհարկե Արթուր Բաղդասարյանն էլ իր ծրագիրը իրականացրեց, որովհետեւ իր ծրագիրը, կարծում եմ, հենց այն էր, ինչին նա հասավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG