Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. ««Մեզ համար շատ դրամատիկ իրավիճակ է»


«Ազատություն» ռադիոկայանի Պրահայի գրասենյակի հետ հեռախոսային հարցազրույցում Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, պատասխանելով մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհերի, վիրավորների քանակի մասին հարցին, ասաց, թե իրենց տարբեր լուրեր են հասնում. - «Ծայրահեղորեն տարբեր տվյալներ, նույնիսկ երբեմն մինչեւ 25-30 զոհ, բայց քանի որ մեր կողմից տվյալները ճշտելու հնարավորությունները սահմանափակ են, չենք կարողանում հստակ պատկերացում կազմել: Պաշտոնապես հայտարարվել է 8 զոհ, որից 5-ի ինքնությունը արդեն ճշտվել է: Մենք դեռ առաջնորդվում ենք այդ տվյալներով»:

«Մեզ համար շատ դրամատիկ իրավիճակ է: Մարդկային կյանքերը ամենակարեւորն են: Դրանից հնարավորինս պետք էր խուսափել: Մենք ամեն ինչ արեցինք, որ նման բան չլինի», - ասաց Մուսինյանը:

Անդրադառնալով երեկվա իրադարձությունների պատասխանատվության հարցին` Արման Մուսինյանը ասաց. - «Ինն օր շարունակվող հանրահավաքները եւ բողոքի ցույցը կրում էին բացառապես խաղաղ բնույթ: Երբ երեկ առավոտյան ոստիկանությունը, դաժանաբար ծեծելով, ցրեց մարդկանց` սա արդեն առաջին նշանն էր, որ իրադրությունը կտրուկ լարվում է, եւ այդ գործողության պատասխանատվությունը, կարծում եմ, ակնհայտ է, որ ընկնում է իշխանությունների վրա»:

Մուսինյանը հերքեց պաշտոնական վարկածը, թե ոստիկանները նախ ցանկացել են խուզարկություն կատարել, բայց հանդիպելով ցուցարարների դիմադրությանը, ցրել են նրանց: Նա ասաց, թե «որեւէ մեկը պետական, պաշտոնական կամ պատկան մարմիններից չի դիմել հանրահավաքի, այսպես ասենք, ղեկավարությանը, որը օր ու գիշեր այնտեղ է եղել, չեն դիմել եւ չեն ասել, թե նման խնդիր ունեն եւ ուզում են խուզարկություն անցկացնել»: Նա կարծիք է հայտնել, թե իրականում ոստիկանությունը ունեցել է մեկ նպատակ` հրապարակից հանել մարդկանց:

Մուսինյանը ասաց, թե հետագա գործողությունները, Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքը «կազմակերպված չէր, որովհետեւ շարժումը ըստ էության գլխատված էր, շարժման ղեկավարը տնային կալանքի տակ էր, մյուս ղեկավարներից շատերը ձերբակալված էին»: Նա նշեց, որ մարդիկ ինքնաբուխ են հավաքվել, եւ մեկ պահանջ են ներկայացրել՝ որ Lեւոն Տեր-Պետրոսյանը գա այնտեղ, «բայց Տեր֊-Պետրոսյանը այդ հնարավորությունը չուներ, նրան արգելված էր լքել իր առանձնատունը»:

Անդրադառնալով անկարգությունների եւ բախումների վերաբերյալ իշխանությունների կողմից արվող պնդումներին, թե ցուցարարների շարքերից կրակոցներ են եղել, Արման Մուսինյանը ասաց, թե զինված ցուցարարներ չեն եղել. - «Դա չի համապատսխանում իրականությանը»: Նրա ասելով՝ «այդ տարածքի որեւէ հատվածում եթե եղել են սադրիչներ, ապա մեր շարժումը, մեր ղեկավարությունը դրանց համար չի կարող կրել պատասխանատվություն»:

Քաղաքական գնահատական տալով տեղի ունեցած իրադարձություներին, Մուսինյանն ասաց. - «Մենք մինչեւ փետրվարի 29-֊ը փորձեցինք հնարավորինս գործել օրենքի շրջանակներում: Եվ հետայսու եւս փորձելու ենք գործել օրենքի շրջանակներում: Բացառապես օրենքի շրջանակներում: Բայց մեզ հետ, սկսած հոկտեմբերի 23֊-ից, երբ առաջին անգամ սկսվեցին Lեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները, այդ օրվանից սկսած մեզ հետ խոսում են, գործում են ոչ օրենքով, ոչ օրենքի տրամաբանությամբ»:


Նա նշեց, որ ունեցել են երեք հստակ պահանջ` անվավեր համարել ընտրությունները. - «Այդ հարցով դիմել ենք նաեւ Սահմանադրական դատարան՝ պատժել բոլոր ընտրակեղծարարներին եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Այդ պահանջները, կարծում եմ, պետք է մնան ուժի մեջ: Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենաանօրեն, ամենավատ ընտրություններից մեկն էին, եւ սրան պետք է տրվի ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական գնահատական»:

Պատասխանելով հարցին, թե արտակարգ իրադրության պայմաններում արդյո՞ք իրենց դիմումը լսվելու է Սահմանադրական դատարանում, Արման Մուսինյանն ասաց. - «Իրավաբանները նշում են, թե որեւէ խոչընդոտ չկա, որ այս պայմաներում հարցը լսվի»: Միեւնույն ժամանակ նա համոզմունք հայտնեց. - «Նման պայմաններում Սահմանադրական դատարանի որոշումը ընդունելի չի լինի, բայց դա այն ճանապարհն է, որը մենք պետք է անցնենք: Իհարկե, մենք կուզեինք, որ երկրում արտակարգ դրություն չլիներ, շատ կուզեինք, որ Սահմանադրական դատարանը իր վճիռը կայացներ ավելի ոչ կաշկանդված, ավելի ազատ պայմաններում: Բայց այս իրավիճակի համար հիմնական պատասխանատվությունը կրում են իշխանությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG