Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Հեյկի Տալվիտիեին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` «քննարկման հիմնական թեման եղել է նախորդ օրն ընդդիմության կողմից հրահրված անկարգություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը»:

Նախագահը ներկայացրել է տեղի ունեցածը եւ նշել, որ այն, ինչ վերջին երկու օրերին կատարվում էր Երեւան քաղաքում, դժվար է քաղաքականություն կամ քաղաքական գործընթաց համարելը: Ընդգծելով երկրում կարգ ու կանոն հաստատելու գործում իշխանությունների վճռականությունը, նա ասել է. - «Իրավական հարցերը պետք է լուծվեն իրավական հարթության վրա, եւ անկարգությունների բոլոր կազմակերպիչները, հրահրիչներն ու իրականացնողները պատասխանատվություն են կրելու օրենքի առջեւ»:

Անդրադառնալով Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությանը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն, առաջին հերթին, ուղղված է ժողովրդի անվտանգության ապահովմանը: «Փորձ է արվել մարդկանց հնարավորինս նվազագույն անհարմարություններ պատճառել եւ չոտնահարել նրանց հիմնարար իրավունքները», - նշել է նա:

Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կհանգուցալուծվի եւ իշխանություններին կհաջողվի արագորեն վերականգնել երկրի կայունությունն ու հասարակական կարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG