Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Եթե այսպես շարունակվի, նախագահը ստիպված կլինի հատուկ իրավիճակ հայտարարել»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր նախագահական նստավայրում կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ եթե ցուցարարները «շարունակեն իրենց ապօրինի արարքները, նախագահը ստիպված կլինի հատուկ իրավիճակ հայտարարել»:

«Նախագահը լուրջ բանակցությունների մեջ է, բայց եթե այս ապօրինի արարքները շարունակվեն, նախագահը ստիպված կլինի հայտարարել հատուկ իրավիճակ՝ ապահովելու համար մեր հասարակության անվտանգությունը, որովհետեւ իրադարձությունները կարող են անկանխատեսելի լինել: Ամեն ինչ կախված է հավաքվածներից եւ նրանց քաղաքական ղեկավարից»,֊ - ասել է նախարարը:

Նրա վկայությամբ՝ նախագահի համապատասխան հրամանագրերն արդեն պատրաստ են:

Միաժամանակ նա նշել է. - «Մենք գտնում ենք, որ բոլոր բարենպաստ պայմանները հիմա կան հարցը տեղափոխելու քաղաքական դաշտ»:

«Հիմնական խնդիրը կապված է Լեւոն Տեր֊-Պետրոսյանի մերժողականության հետ: Ձեռքը մեկնված է, եւ դրա մերժումը դատապարտելի է»,֊ - կարծիք է հայտնել Վարդան Օսկանյանը:

Նա հայտնել է, որ քաղաքապետարանի եւ Ֆրանսիայի դեսպանատան միջեւ ընկած տարածքում հանրահավաք անողներին առաջարկվել է իրենց միջոցառումը տեղափոխվել այլ վայր՝ «Դինամո» մարզատաշտ կամ Կայարանի հրապարակ, սակայն բացասական պատասխան է ստացվել:

«Կան լուրջ դիմադրողական տրամադրություններ: Ոստիկանական մեքենա է շուռ տրվել, քաղաքապետարանի ապակիներն են ջարդվել: Սա անթույլատրելի է, եւ իշխանությունները չեն կարող չարձագանքել», -֊ ասել է նախարարը:

Նա նաեւ հերքել է լուրերը, թե նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է:

Նա հայտնել է, որ Ազատության հրապարակում այսօր առավոտյան իրականացված գործողությունների արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 31 մարդ, որոնցից 10-ը պահվել են հիվանդանոցում, մնացածը բուժօգնություն ստանալուց հետո հեռացել են, 31֊-ից 6-֊ը ոստիկաններ են եղել:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG