Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սա Ռոբերտ Քոչարյանի սենյակում ծրագրված գաղափար էր»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդի իր առանձնատանը հրավիրած ասուլիսում ասաց, որ առավոտյան տեղի ունեցածը եւ այս պահին շարունակվողը նախագահ Քոչարյանի սենյակում ծրագրված գաղափարի իրականացումն է:

«Սա Ռոբերտ Քոչարյանի սենյակում ծրագրված, արդեն շաբաթներ որոճվող գաղափար էր», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց Տեր-Պետրոսյանը: - «Որովհետեւ նրանք սարսափում էին ժողովրդի այս ակտիվությունից, սարսափում էին այն ճշմարտություններից, որոնք հրապարակվում էին այստեղ»:

«Եթե ծրագիրը կա, նպատակը կա` հազար պատրվակ կարելի է գտնել», - շարունակեց նա: - «Ես չեմ բացառում, որ այդ հրմշտոցը հենց իրենց պրովակատորների եւ իրենց միջեւ լիներ, որովհետեւ իրենց պատրվակ էր պետք»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ոչ մի կրակոց չի եղել, հատուկ տեխնիկա չի օգտագործվել. - «Ձեռքներին կային էլեկտրաշոկեր եւ մահակներ: Չգիտեմ, օգտագործվել են [էլեկտրաշոկերը], թե ոչ, բայց որ կայծեր գալիս էին` մենք տեսել ենք»:

«Ինձ հանել են բռնի ուժով հարթակից, երբ ես ժողովրդին հանգստության, հանդարտության կոչ էին անում», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ իրեն, «թեւերը ոլորելով», տարել է Պահպանության գնդի հրամանատար Գրիշա Սարգսյանը:

Պատասխանելով ձեռնարկելիք հետագա քայլերի մասին հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց. - «Հետագա քայլերը ինձ համար հստակ են: Ես արդեն նախագահ եմ: Մի շաբաթից սրանք կհեռանան. այս բռնությունը աշխարհը չի ների... Երբ ամեն ինչ օրինական ընթացքի մեջ էր, Սահմանադրական դատարան էինք դիմել, ի՞նչն էր նրանց խանգարում սպասել դրա ավարտին: Սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ ես եմ հաղթել, եւ Սերժ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել»:

«Երեկ արդեն դիմումը կար [Սահմանադրական դատարան]», - շարունակեց նա: - «Ես ընտրական ընթացքի մեջ եմ, ունեմ նույն անձեռնմխելիությունը»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG